Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մաշտոցի պողոտայում ՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից այգու սկզբնամասում 5 օր շարունակ բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները համաձայնության չեն եկել:
Հիշեցնենք, որ վերջիններս բողոքում են այգում Աբովյան փողոցից ապամոնտաժված առևտրի կրպակների տեղադրման դեմ:
Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմել են, որ երեկվա հանդիպումը տևել է 2,5 ժամ, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ու ակցիայի մասնակից երեք բնապահպաններ:
«Լուրեր են պտտվում, թե մեր հետ լեզու են գտել, ամեն ինչ շատ լավ ա, բայց նման բան չկա: Իրենք փորձեցին ստեղծել մի խումբ, որի հանդիպմանը մեզանից էլ 10 հոգի այսօր երեկոյան գնան ու մասնակցեն, Նարեկ Սարգսյանի հետ քննարկեն, թե ինչ է լինելու այգու խնդիրը, բայց դա (խումբ ստեղծելու փաստը) մեզ բացարձակ չի գոհացնում», – ասել է բնապահպան Եղիա Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ իրենք թեև մասնակցելու են այսօր երեկոյան քաղաքապետի մոտ հրավիրված ժողովին, այնուամենայնիվ, ոչ մի վստահություն չունեն, և երաշխավարված չէ, թե ամեն պահի շինարարներն ու բանվորները չեն գա՝ շինարարությունը շարունակելու:
«Քաղաքապետը մեզ խոստացավ, որ մինչև հանձնաժողովի ստեղծումը այստեղ շինարարություն չի իրականացվի: Չնայած նրա խոստմանը, մենք այգում ենք ու շարունակում ենք հսկողությունը: Քաղաքապետի հետ զրույցում հասկացանք, որ այս կրպակները չեն հանվելու, համենայնդեպս, նա հանդես եկավ այս հարթությունից: Մենք չենք փոխում մեր դիրքորոշումն ու շարունակում ենք պայքարել» ,- նշել է բնապահպան Եղիա Ներսիսյանը:
Epress.am-ը զրուցել է նաև Անահիտ Բախշյանի ու Լիլիթ Գալստյանի հետ, ովքեր ևս տարակուսած են այգում ապօրինի կերպով իրականցվող շինարարությունը կանխելու խնդրի վերաբերյալ:
«Բերեցին այս հարցը կապեցին «Հին Երևան» ճարտարապետական ծրագրի հետ: Իմ համոզմամբ այդ տարածքի հարցն ու այս ծրագիրը միմյանց հետ որևէ կապ չունեն: Թե ինչ կլինի «Հին Երևան»-ը, չգիտեմ, բայց այդ կրպակները այգում չպետք է տեղադրվեն», – ասել է Բախշյանը:
Նրա համոզմամբ՝ քաղաքապետն այդ որոշումը չեղյալ չի համարի, որովհետև այդ կրպակները պատահական մարդկանց չեն պատկանում:
«Ակնառու է, որ քաղաքապետը ինչ-որ պարտավորությունների պատանդ է», – նշել է նա:
Բախշյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը հորդորել է բնապահպաններին տուն գնալ, որպեսզի չսառեն, միաժամանակ խոստացել՝ մինչև որոշման կայացումը այգում շինարարություն չիրակականցնել:
«Չեմ կարող ասել՝ ինչ են որոշելու, միայն զգում եմ, որ կրպակները այնտեղից չեն հանվելու: Չգիտեմ, ով ավելի ուժեղ կգտնվի, ես որպես քաղաքացի, բնապահպանները… Որքան կշարունակենք պնդել, համոզել, որ չի կարելի, պետք չէ, դա անչափ վնասում է երիտասարդ քաղաքապետի իմիջին: Սա ընդամենը իմ հորդորն է», – եզրափակել է Բախշյանը:
Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ փաստել է, որ «Հին Երևան» -ն օդում կախված ծրագիր է ու քաղաքապետը հանդիպման ընթացքում փորձել է համոզել, որ այս կառուցապատման ծրագիրը ժամանակավոր լուծում է և գլխավոր հատակագիծը հաստատվել է մինչև 2020 թվականը:
«Իմ առաջարկով այսօր կհանդիպենք, որովհետև իրավական նախագծային հիմքը՝ փաթեթը, որի վրա կառուցապատումը պիտի իրականանա, մեզ չեն տրամադրել: Այսօր ամեն ինչ պարզ կլինի, բայց ես շարունակում են լինել հանրային կանաչ տարածքների պաշտպանը, ջատագովը: Երևանի նկատմամբ քաղաքաշինական ծրագիրը պիտի լինի քաղաքակիրթ: Անցել են տոնավաճառային ժամանակներն ու մոտեցումները: Քաղաքակիրթ է ունենալ կանաչ, շնչող քաղաք», – ասել է նա:
Գալստյանը նաև նշել է, որ մի բան հստակ է՝ այս իրականությունում պետք է սարսափելի համառ լինել, որ կարողանաս ապացուցել, թե մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: