Home / Հայաստան / ՀԱԿ-ի երիտասարդները կոչ են անում սթափվել. Մաշտոցի պողոտայի այգու մասին

ՀԱԿ-ի երիտասարդները կոչ են անում սթափվել. Մաշտոցի պողոտայի այգու մասին

Մշակութային, հասարակական ցանկացած արժեք վտանգված է փոշիանալու Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների կամայական գործելակերպի արդյունքում: Այս ճակատագրին արժանացավ նաև Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի հարակից այգին, որտեղ առանց որևէ օրինական հիմքի ծավալվում են բետոնե կրպակների կառուցապատման աշխատանքներ: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների կողմից հայտարարության մեջ:

«Ուրախալի է այն փաստը, որ բազմաթիվ երիտասարդ բնապահպաններ և մտահոգ քաղաքացիներ իրենց պարտքն են համարում կանխել այդ ապօրինությունը և արդեն չորրորդ օրն է, ինչ նստացույց են իրականացնում նշված վայրում:

Մեր աջակցությունն ենք հայտնում իշխանական կամայականությունների դեմ դուրս եկած քաղաքացիներին, երիտասարդներին՝ համոզված լինելով,  որ այս տեսակ և այլ բոլոր խնդիրների լուծումը միայն Հայաստանում ավազակապետական համակարգից ազատվելն ու ժողովրդի կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է: Այս գործում առաջնային է երիտասարդության դերը, որն ինքը պետք է կերտի վաղվա Հայաստանը:

Երիտասարդության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դիմադրողականության բարձրացումը և իշխանությունների շարունակվող ապաշնորհ գործունեությունը կարող են շատ ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ապօրինությունների հեղինակների, այնպես էլ մեր պետության համար:  Կոչ ենք անում իշխանություններին սթափվել և դադարեցնել հակաժողովրդական գործունեությունը», – ասված է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների հայտարարության մեջ: