Home / Հայաստան / Վերաբերմունք ընդհանրապես չկա. հրատարակիչները վրդովված են գրքերի թանկացումից

Վերաբերմունք ընդհանրապես չկա. հրատարակիչները վրդովված են գրքերի թանկացումից

Այսօր ֆինանսների նախահար Վաչե Գաբրիելյանը հանդիպել է մի քանի հրատարակիչների և գրողների հետ, որոնք մտահոգ են վերջերս ընդունված «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի առթիվ, համաձայն որի գրքերի գինը 2012 թվականին կթանկանա:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նախարարությունում խոստացել են 15 օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել, համաձայն որի օրենքը «տարընթերցվել է» հարկային մարմնի կողմից:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տարընթերցման փաստն ապացուցվելու դեպքում տարվա սկզբից մինչ հիմա վճարած գրավաճառները հետ կստանան իրենց գումարները:

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ` այժմ գիրք վաճառողը հարկ է վճարում ոչ թե շահույթի գնից, այլ գրքի ամբողջ գնից, արդյունքում` գիրքը թանկանում է 20%-ով:

Հրատարակիչները գրքի հանդեպ դիտավորություն չեն տեսնում, սակայն կարծում են, որ դա հենց վերաբերմունքի բացակայություն է:

«Գիրքը ապրանք չի, դա մշակութային, հոգևոր արժեք է: Գերմանիայում գիրքը 7% է հարկվում, Ուկրաինայում, Սլովակիայում` 0%: Ինչո՞ւ են ասում չի կարող լինել արտոնություն, երբ, օրինակ, ցեմենտի պարկերի թուղթը, ծխախոտի փաթեթները ազատվել են ԱԱՀ-ից», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:

«Չեմ կարծում` վատ վերաբերմունք կա, ընդհանրապես վերաբերմունք չկա, տեսեք ովքեր են ղեկավարում երկիրը: Օլիգարխներից չեն կարողանում հարկեր վերցնել»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Facebook սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք գրքերի թանկացմանը» խմբի նախաձեռնող գրող Արամ Պաչյանը:

Ինչպես հայտնել է Արմեն Մարտիրոյանը` օրենքի փոփոխությամբ գիրքը զրկվել է արտոնություններից և հարկվելու է մյուս բոլոր ապրանքատեսակների հետ նույն սկզբունքով:

«Այսինքն` ասում են, եթե դու անում ես «մեծերի գործը» (նկատի ունի խոշոր տնտեսվարողներին)` ներմուծում ես ու 1 միլիոն շահույթ ստանում, ապա պետք է ԱԱՀ վճարես», – ասել է Արմեն Մարտիորսյանը:

Նա հիշեցրել է, որ օրենքի փոփոխությունից դեռ մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը 14 հրատարակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր հանել գրքերից ԱԱՀ-ն, սակայն այդ խոստումը դեռ չի կատարվել:

Արամ Պաչյանն ասել է նաև, որ գրքի թանկացման դեմ պայքարող խումբը վաղը նամակ է ուղղելու վարչապետին, որի պատասխանից կախված` կսկսվեն այլ ակցիաներ: