2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել են երկու վկաներ, որոնցից մեկը` Արտակ Հովհաննիսյանը, այսօրվա նիստում իր ցուցմունք տալու ժամանակ, նշել է, որ ինքը չի մասնակցել որևէ քննչական գործողության, իսկ մյուսը` Ռաֆայել Էվոյանը, դատարանում պատմել է դեպքերի մասին, որոնք կապ չունեն իր նախաքննական ցուցմունքի հետ: Այս մասին դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Արտակ Հովհաննիսյանը հրաժարվել է քրեական գործում առկա վեց արձանագրություններից: Դրանցից մեկում ասվում է, որ իբրև թե նա եղել է որպես ընթերակա, մյուսում գրված է, որ նա մասնակցել է Արտակ Նազարյանի իրերի, բջջային հեռախոսի հանձնմանը, մի այլ տեղում էլ գրված է, որ մասնակցել է այլ զինվորների բջջային հեռախոսների հանձնմանը: Սակայն ինչպես նա հայտնեց դատարանում, ինքը չի մասնակցել ոչ մի քննչական գործողության և տեղյակ չէ` ինչի մասին է գրել քննիչը, և նա չի ճանաչում քննիչին, որը կազմել է այդ արձանագրությունները», – տեղեկացրել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով` վկա Ռաֆայել Էվոյանն էլ նշել է, որ ինքն այլ բան է պատմել, սակայն քննիչ Լևոն Պողոսյանն իրեն ասել է` «գրի, որ ընթերցել ես, ստորագրի ու գնա ծառայության»:
Վկան դատարանում ասել է, որ այն, ինչ գրված է իր նախաքննական ցուցմունքում կեղծ է, և դրանք իր խոսքերը չեն:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը վկայի այս հայտարարությունից հետո ասել է, որ «վկան երեք ամիս եղել է կալանքի տակ և հիմա գողական է գնում», այդ պատճառով սուտ ցուցմունք է տալիս:
Ռուբեն Մարտիրոսյանն էլ դատախազին պատասխանել է. «Քեզ էլ որ կալանավորեն, դու էլ գողական կգնաս: Քո տեղը կալանավայրն է, ոչ թե մեղադրողի աթոռը»:
Դատարանում վկան նաև հայտարարել է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել:
Երբ նրան հարցրել են, թե ինքը որտեղից գիտի, վկան պատմել է, որ իրեն այդ մասին ասել է քննիչ Պողոսյանը` ցույց տալով մահացած Արտակ Նազարյանի լուսանկարները ու բացատրելով, որ դա ինքնասպանություն է եղել:
Այս ամենը հիմք ընդունելով` տուժող կողմը դատախազին ինքնաբացարկի միջնորդութուն է ներկայացրել: Դատավոր Սամվել Մարդանյանն այդ միջնորդության որոշումը կհայտնի հաջորդ դատական նիստի ժամանակ, որը նշանակել է մարտի 27-ին, ժամը 12 :00-ին:
«Ելնելով վկա Արտակ Հովհաննիսյանի ցուցմունքից` կարելի է ասել, որ նախաքննության ժամանակ առնվազն վեց կեղծ արձանագրություն են կազմել: Եվ վստահ ենք, որ հաջորդ դատական նիստերին նորանոր ապօրինություններ կբացահայտվեն: Քրեական գործի ցանկացած էջ բացելիս ստի ու կեղծիքի ենք ականատես լինում», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը: