Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, 7-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կոնգրեսի` «Ժառանգություն» կուսակցության հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառն այն էր, որ վերջինիս առաջարկը ՀԱԿ-ին բացարձակապես անտրամաբանական ու անընդունելի է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱԿ-ն առաջարկ է ստացել, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանել իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, եթե ՀԱԿ-ը հանի իր թեկնածուներին 1-ին, 4-րդ 6-րդ, 9-րդ և 12-րդ ընտրատարածքներից: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված այն հայտարարությանը, ըստ որի «Ժառանգության» և ՀԱԿ-ի վերջին օրերին կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, և չնայած դրան ինքը հանում է իր թեկնածությունը: Նշենք, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է գործարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«ՀԱԿ-ը մասնակցում է ընտրություններին ոչ թե զիջելու, այլ իշխանափոխություն իրականացնելու համար: ՀԱԿ-ը միշտ էլ պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է քննարկել տրամաբանական և կառուցողակայն առաջարկները: Մեր պայքարը նրա համար է, որ քաղաքական ընտրությունները ստանան քաղաքական բովանդակություն: ՀԱԿ-ին կքվեարկեն, որովհետև ՀԱԿ-ը վերջին հինգ տարիներին սկզբունքային և ինքնազոհությունների ճանապարհ է անցել, հավատարիմ է մնացել իր սկզբունքներին», – ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը քննարկելուն կողմ է եղել:
Դեռ մինչ թեկնածուների գրանցման շրջանը` ՀԱԿ-ը խնդրել է «Ժառանգությանը» մեծամասնականով առաջադրվելու համար նախընտրելի աշխարհագրական քարտեզ ներկայացնել: «Ժառանգությունը» պատասխանել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել առաջադրման շրջանում, ինչն անընդունելի է ՀԱԿ-ի համար:
«Բոլոր ընդդիմադիր ուժերը մի խնդիր ունեն` ՀՀ քաղաքացու քվեն պաշտպանելը: ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցության քվեն պաշտպանելու համար, ցանկացած թեկնածուի իրավունքի խախտումը ես համարելու եմ իմ դեմ կատարված արարք: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան ապահովել արդար ընտրությունները, ապա ՀՀԿ-ն դեռ պետք է մտածի` կունենա արդյոք ԱԺ-ում պատշաճ ներկայություն», – ասել է Փաշինյանը: