Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների որակը շատ կարևոր է թե Հայաստանի ժողովրդի և թե Հայաստանի ապագայի համար: Այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Միևնույն ժամանակ ընտրությունները կարևոր են նաև ԱՄՆ և արևմտյան երկրների հետ Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հետևել հայաստանյան ընտրությունների ընթացքին, որպեսզի տեղեկացված լինենք դրանց անցկացման որակի մասին և կարողանանք արտահայտել մեր դիրքորոշումը ՀՀ կառավարության մեր գործընկերների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ ունեցած մեր երկխոսությունների ժամանակ: Այդ գնահատականները մեզ կօգնեն ավելի նպատակային ու հնարավորինս արդյունավետ օգտագործել ընտրական համակարգերի բարելավմանն ուղղված ԱՄՆ օժանդակությունը», – ասել է ԱՄՆ դեսպանը:
Հեֆերնը խոսել է փետրվարին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին` նշելով, որ այդ ընտրությունների ընթացքում նոր ընտրական օրենքը մեծացրեց վստահված անձերի, դիտորդների, ընտրական հանձնաժողովի անդամների և լրագրողների դերն ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ անցկացնելու հարցում:
«Բերեմ մի օրինակ՝ մենք տեսանք, թե ինչպես ընդդիմադիր թեկնածուի (նկատի ունի Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին – խմբ.) կողմնակիցները հնարավորություն ունեին օգտագործել ընտրությունից քառասուն օր առաջ հրապարակված ընտրացուցակները բնակության վայրից բացակայող ընտրողներին տարբերակելու ու վերջիններիս անունից քվեարկության հնարավորությունը բացառելու համար: Մենք տեսանք, թե ինչպես քաղաքական կուսակցությունները և լրագրողները, ովքեր արդեն իրավունք ունեն տեսախցիկներով մուտք գործել ընտրատեղամաս, օգտագործեցին դրանք ընտրության և ձայների հաշվարկի ընթացքում՝ նպաստելով ընտրությունների ամբողջ ընթացքի թափանցելիությանը: Սրանք այն դրական երևույթներն էին, որոնց մենք ականատես եղանք ընտրությունների օրը: Սակայն ազատ, արդար և արժանահավատ ընտրությունների համար առանց խոչընդոտների անցած ընտրությունների օրը բավարար չէ», – նշել է ամերիկացի դիվանագետը:
Նրա հավաստմամբ` նախընտրական պայքարի ընթացքում շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունների համար ստեղծվեն հավասար խաղի կանոններ՝ ներառյալ լրատվամիջոցների մատչելիություն:
«Պետք է բացառվի նաև վարչական լծակների չարաշահումը և կանխվի ընտրակաշառքի բաժանումը: Իշխանություններն ու իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել ընտրական գործընթացի խախտումների հետ կապված բոլոր ահազանգերին: Ընտրողները ևս ունեն պարտականություններ: Առաջին հերթին, քվեարկեք Ձեր նախընտրած թեկնածուի օգտին: Հայտնե’ք պատկան մարմիններին նախընտրական շրջանում և ընտրության օրը Ձեր կողմից արձանագրված խախտումների մասին և հետևեք, որ նրանց արձագանքը լինի համարժեք: Ընտրությունները պահանջում են հավատի մթնոլորտ ընտրական գործընթացի նկատմամբ: Եզրափակելով՝ կոչ եմ ամում իշխանություններին, ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և լրագրողներին ջանք չխնայել ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ ապահովելու համար: ԱՄՆ դեսպանատունը, իր հերթին, խոստանում է անել հնարավորը: Քվեարկեք, մասնակցեք և հայտնեք խախտումների մասին», – ասել է Հեֆերնը: