Home / Հայաստան / «Հարված Սերժ Սարգսյանի թիկունքին». Տեր-Պետրոսյանը` Քոչարյանի հարցազրույցի մասին

«Հարված Սերժ Սարգսյանի թիկունքին». Տեր-Պետրոսյանը` Քոչարյանի հարցազրույցի մասին

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքից հետո տեղի ունեցած երթն ավարտվեց նույն վայրում որտեղից սկսվել էր` Ազատության հրապարակում:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մասնակցեց երթին, հրապարակում խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերի մասին:

«Սիրելի ժողովուրդ, լսե՛ք ուշադիր: Այսօր մի հետաքրքիր իրադարձություն էլ է տեղի ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել: Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի վարչախմբին, խստագույն: Ուրեմն, ես մի բան եմ ուզում ասել, ընտրություններից երեք օր առաջ տված այդ հարցազրույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին:

Այդ հարցազրույցից ոչ պետք է ոգևորվել, ոչ էլ անհանգստանալ: Ընդամենը Ռոբերտ Քոչարյանը՝ այդ մեկուսացած գիշատիչը, այս ընտրարշավի թոհուբոհի մեջ, երբ խոսվում էր  բոլորի  մասին, իսկ ինքը մոռացված էր, չէր կարող դա հանդուրժել և իր մաղձը չթափել: Բայց սա ավելի մեծ բան է նշանակում: Սա նշանակում է, որ ռեժիմը ներսից լիովին փտած է, և այդ ռեժիմը շուտով հոշոտելու է ինքն իրեն: Եվ վերջում, դուք հիշեք մեր հիմնական կարգախոսը՝ «պայքար, պայքար մինչև վերջ»: Դե ուրեմն իմացե՛ք, պայքարի վերջը մայիսի 6-ն է», – ասել է ՀՀ առաջին նախագահը:

Նշենք, որ երբ Տեր-Պետրոսյանը հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի անունը, հավաքվածները սկսել են սուլել: