Home / Հայաստան / Ազգայնականները դատապարտում են Հայաստանի «անհեթեթ օրենքները», ձգտում են ճապոնական մոդելին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգայնականները դատապարտում են Հայաստանի «անհեթեթ օրենքները», ձգտում են ճապոնական մոդելին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայազն» միությունը դատապարտում է ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին՝ «Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվան» հայտարարությունը տարածելու և  պաշտոնական Երևանին՝ դրան միանալու համար: Այս մասին այսօր հայտարարել են միության ներկայացուցիչներ Արմեն Աղայանը և Դավիթ Խոսրովյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ազգայնական միությունն այդ առնչությամբ նաև հայտարարություն է տարածել:

Արմեն Աղայանի խոսքով` հաճախ հանդուրժողականության կոչեր հնչեցնողների  կողմից ասվող արտահայտությունները, օրինակ, գենդերային ինքնություն, սեռական կողմնորոշում, մշակութային բամազանություն, Եվրոպայի կողմից են հրահրվում և մղում են անբարոյականության:

«Եվրոպան ընկել է այդ թակարդը, և բռնել կործանման ուղին, ուզում է ուրիշներին էլ քաշել իր հետ: Խնդիրը շատ ավելի լուրջ է: Օրինակ՝ աղանդի խնդիրը, մարդ իրավունք ունի դավանել այն հավատքը, որ ուզում է, բայց եթե դա ֆինանսավորվում է դրսից, ուրեմն կոնկրետ կազմաքանդման նպատակ է հետապնդում: Մենք բողոքում ենք մարտնչող անբարոյականության դեմ: Համասեռամոլների պրոպագանդա է արվում: Այնքան համասեռամոլ չկա, որքան դրա պրոպագանդան է», – ասել է  Արմեն Աղայանը:

Ըստ  բանախոսի՝ անարդյունք էր նաև DIY ակումբի դեմ կազմակերպված հարձակումները, քանի որ  դրանցով միասեռականների իրավունքների հարցն ավելի լայն տարածում ստացավ: «Հայազնի» անդամները այլ մեթոդներ են ճիշտ համարում, օրինակ, քաղաքական պայքարը: Նա չի ցանկացել ասել, թե ինչպիսին պետք է լինի այդ քաղաքական պայքարը` նշելով, որ այդ մասին միությունն առանձին հայտարարություն կտարածի:

Epress.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք միությունը նպատակ ունի սահմանադրական փոփոխություններ պահանջել, քանի որ փոքրամասնությունների իրավունքները գործող սահմանադրությամբ պաշտպանվում են՝ Դավիթ Խոսրովյանը պատասխանել է, թե Սահմանադրությունը փոխելը այնքան էլ հեշտ չէ, բայց այն հավերժ էլ չէ:

«Ոչ մի կին կամ տղամարդ սեռական խտրականության չի ենթարկվում մեր երկրում: Միսաեռականին անբարոյական անվանել իմ պարտականությունն է և իմ իրավունքը, անկախ այն բանից` ինչ է գրված օրենքում: Այո, մենք վայելում ենք անհեթեթ օրենսդրության պտուղները, որը տառացիորեն արտատպել են ֆրանսիականից: Դա միայն սեռական խնդիրները չեն, նաև ընտրական գործընթացներին է վերաբերում: Մենք կրոնական փոքրամասնության դեմ չենք, բայց երբ տեսնում ես մորմոնների հսկայական շենքեր, ակնհայտ է, որ դրանք ֆինանսավորում են  դրսից», – ասել է Խոսրովյանը:

Նա ասել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն կառուցելը չպետք է լինի մեր պետության նպատակը, այլ ավելի լավ մոդելների: Նա որպես օրինակ նշել է Ճապոնիան` չմանրամասնելով, սակայն, ինչում է կայանում ճապոնական մոդելը: