Home / Հայաստան / Աղքատ բարեկամ Հայաստան` hայացք Ռուսաստանից (ՖՈՏՈ)

Աղքատ բարեկամ Հայաստան` hայացք Ռուսաստանից (ՖՈՏՈ)

Մոսկովյան «Ժամանակակից պիեսի դպրոցը» թատրոնի գլխավոր ռեժիսոր Իոսիֆ Ռայխելգաուզն իր բլոգում կիսվել է Հայաստան ու Բուլղարիա կատարած այցերից ստացված տպավորություններով.

«Վերջերս հայտնվելով նախ` Հայաստանում, այնուհետև` Բուլղարիայում, ես դրա մեջ հայտնաբերեցի խորը և շատ կարևոր իմաստ: Այս երկու երկրները անչափ փոքր են: Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից մի փոքր ավել է, Բուլղարիայինը` 7 մլն 200 հազար: Երկուսինը միասին` ավելի քիչ է, քան Մոսկվայի բնակչությունը: Երկու երկրներն էլ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեն: Երկուսն էլ Ռուսաստանի հետ պատմական անցյալում քիչ ընդհանուր բաներ ունեն: Երկու երկրներն էլ այսօր աղքատության մեջ են, թեև դրանցից մեկը Եվրամիության անդամ է, իսկ մյուսը լրիվ շրջափակման մեջ է:

Շրջագայելով Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում` ես բազմաթիվ խավերին պատկանող ու սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց հետ եմ հանդիպել` սկսած Ղարաբաղի նախագահից ու կաթողիկոսից (Արցախի թեմի առաջնորդ – Epress.am), վերջացած` հասարակ գյուղացի տատիկներով, որոնք մեզ համեղ ու թարմ սուրճ էին հյուրասիրում: Նույնը Բուլղարիայում էր. հանդիպել եմ Սոֆիայի Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Վասևի հետ, իսկ Հայաստանում` Ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ:

Ամեն տեղ հասկացել եմ մի բան. իրենք մեր հարևաններն են, մեր հին եղբայրները, որոնք մինչ օրս չեն կորցրել ռուսական պատմության, մշակույթի, լեզվի, մարդկանց հանդեպ հարգանքը, սերը, հետաքրքրությունը: Իսկ ամենակարևորը` չեն կորցրել հավատքը մեր հարաբերությունների զարգացման հեռանկարների հանդեպ:

Ես մտածեցի, որ մենք հսկայական գումարներ ենք ներդնում Չեչնիայում` մեր Կովկասում: Բայց Հայաստանն էլ է մեր Կովկասը: Համենայնդեպս, այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս այդ հրաշալի երկրով շրջագայելիս և ոչ մի վայրկյան:

Ֆանտաստիկ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ թե Հայաստանում, թե Բուլղարիայում: Էլ չեմ խոսում մեր այլ մեծ հարևանի` Ուկրաինայի մասին, որի ղեկավարները հակվում են մեկ դեպի մեզ, մեկ դեպի Եվրոպան` չհարցնելով ժողովրդի կարծիքը:

Ինձ համար ծանր հարված է Վրաստանի, Մերձբալթյան երկրների հետ սերտ հարաբերությունների խզումը <…> Ես քաղաքագետ չեմ, ոչ էլ աշխարհքաղաքական հարցերի մասնագետ: Պարզապես ես բարեկամության կոչ եմ անում»: