հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Էկոլուր, գնա Թուրքիա» vs «Ջերմուկը հանք չի դառնա». բնապահպաններն այցելեցին Ամուլսար

«Էկոլուր, գնա Թուրքիա» vs «Ջերմուկը հանք չի դառնա». բնապահպաններն այցելեցին Ամուլսար

Հունիսի 9-ին մի խումբ հայաստանցի բնապահպաններ արշավ կազմակերպեցին դեպի Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր: Արշավին մասնակցում էր մոտ 100 քաղաքացի: Ինչպես նշում էին բնապահպանները, իրենց նպատակն էր սեփական աչքով համոզվել, որ հանքի շահագործումը ճակատագրական է Ջերմուկ առողջարանային քաղաքի համար: Բացի դա, նրանք նպատակ ունեին տեսնել, թե ինչ կարծիք ունեն այդ հանքի մասին տեղի բնակիչները:

Ջերմուկում բնապահպանները փոքր հավաք են անցկացրել` ներկայացնելով հանքի շահագործման ռիսկերը, որոնք հաշվի չեն առնվել ծրագիրը ներկայացրած «Գեոթիմ» ընկերության կողմից:

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ հանքի շահագործմամբ վտանգվում է Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի բրենդը, ինչպես նաև վտանգվելու են հանքային ջրերի աղբյուրները: Անընդհատ պայթյունների հետևանքով կարող է փոխվել ջրի բաղադրությունը և այդ աղբյուրների ուղղությունը, հանքի փոշին ու թույները կլցվեն Կեչուտի ջրամբար, որտեղից Արփա-Սևան թունելով ջուրը հասնում է Սևանա լիճ:

Բնապահպանների խոսքով` հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ Ամուլսարից 5 կմ հեռավարության վրա կան ուրանի մեծ պաշարներ: Ըստ հանքայնացված ապարների և հանքանյութերի քիմիական կազմի, հանքավայրում առկա են տոքսիկ տարրեր և փոշու զանգվածի հետ այդ ծանր մետաղները տարածվելու են միջավայրում, իսկ հարակից տարածքները օգտագործվում են որպես արոտավայր:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այս, ինչպես նաև սեյսմիկ և օրենսդրական ռիսկերը, ոչ միայն չեն ներառվել հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթում, այլև Ջերմուկը առհասարակ չի համարվել ազդակիր տարածք, թեև գտնվում է հանքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա:

«Գեոթիմը» պատճառաբանում է, թե Ջերմուկը ազդակիր չէ, որովհետև  քամին Ամուլսարից  արևելք-արևմուտք ուղղությամբ է փչում, ուստի փոշին չի գնում դեպի Ջերմուկ, մինչդեռ,  բնապահպանները տեղում, դրոշներին և կողմնացույցին հետևելով, համոզվեցին, որ քամին ճիշտ հակառակ ուղղությամբ` դեպի Ջերմուկ և Կեչուտ է գնում, ուստի այդտեղ կտանի հանքի փոշին, մանավանդ, որ քամին Ջերմուկում, տեղի բնակիչների խոսքով, մշտական բնույթ է կրում:

«Մենք ունենք երկու պահանջ. առաջինը` կառավորությունը պետք է հրաժարվի «Գեոթիմին» կամ որևէ այլ մեկին Ջերմուկի մոտ հանք շահագործելու թույլտվություն տալուց, և երկրորդը`  Ջերմուկի տնտեսությանը զարկ տալու համար պետք է ստեղծի ազգային պարկ: Մեր պայքարը «Գեոթիմի» դեմ չէ, այլ պահանջ է մեր կառավարությանը և մեր բնապահպանության նախարարությանը», – իր ելույթում ասել է ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

Նշենք, որ «Գեոթիմը» նաև հերքել է, թե հանքի ազդակիր տարածքներում կան կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր: Այս փաստը ապացուցելու համար  Բնություն համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը երեկ սկսել է դաշտային աշխատանքներ: Ըստ կազմակերպության նախագահ Կարեն Մանվելյանի` արդեն հայտնաբերվել և նկարահանվել են կարմիրգրքային մի քանի կենդանի ու բույս, և աշխատանքների ավարտին այդ տեղեկատվությունը կդրվի «Գեոթիմի» առջև:

Հանքի ռիսկերին ծանոթանալուց հետո` ակցիայի մասնակիցները գնացել են Ամուլսար`  հանքի սեփականատերերին իրենց մտահոգող հարցերը ուղղելու համար:

Սակայն ինչպես նախկինում եղել էր Լոռու մարզի Թեղուտ հանքի մոտ, Ամուլսարում ևս բնապահպանները հանդիպել են հանքի աշխատակիցների դիմադրությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ, տեղեկանալով ակցիայի մասին, «Գեոթիմը» հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, թե իրենց կողմից «վարձակալված տարածքում չի թույլատրվում անցկացնել որևէ հասարակական միջոցառում, արշավ կամ հավաք: Ընկերության որդեգրած առողջության և անվտանգության պահպանման նորմերը թույլ չեն տալիս տարածքում զանգվածային միջոցառումների անցկացում, այդ թվում` հասարակական արշավներ»:

Ամուլսարի հանքի մոտ 60 մարդ` հանքի աշխատակիցները, «Էկոլուր, գնա Թուրքիա», «Վայիս մի եղեք մեր հացին» պաստառներով բողոքի էին դուրս եկել և ստիպել են «Ջերմուկը հանք չի դառնա», «Ամուլսարը շահագործողը ամուլ դառնա» բղավող բնապահմաններին հեռանալ:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն ասել է, որ իրենց ամենաշատը զայրացրել է այն փաստը, որ ընկերության ղեկավարությունից ոչ մեկը անգամ դուրս չի եկել ու չի խոսել իրենց հետ:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է բողոքի հակընդդեմ ակցիա կազմակերպած հանքի աշխատակիցների հետ, ովքեր նշել են, որ 50-60 հազար դրամ աշխատավարձ են ստանում, և դա իրենցից շատերի համար փրկություն է: Հանքի աշխատակիցների խոսքով` Ջերմուկում աշխատանք գրեթե չկա, և եթե չլինի հանքը, ապա իրենք ստիպված կլինեն «ռուսաստաններ գնալ» օրվա հացը վաստակելու համար:

Epress.am-ը Ջերմուկում զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ, որոնք նշել են, որ գիտակցում են հանքի վտանգը:

«Մեր քաղաքում բոլոր առողջարանները, բացի Գլաձոր, Ջերմուկ և Արարատ առողջարաններից, սեփականաշնորհվել են, աշխատում են միայն ամռան երեք ամիսներին, տարվա մյուս եղանակներին աշխատողները կրճատվում են ու չեն ստանում աշխատավարձ: Սեփականաշորհման պատճառով թանկացել է բուժումը` օրական 20.000-25.000 դրամ, հետևաբար քիչ մարդիկ են գալիս: Անտանելի մեծ թվերի է հասել արտագաղթը: Հանքը, իհարկե, վատ է, Սովետի ժամանակ նույնիսկ կով չէին թողնում պահել, ասում էին Ջերմուկը մաքուր պետք է մնա: Սակայն աշխատատեղ չկա, դա է ստիպում որոշ մարդկանց կողմ լինել հանքին», – Epress.am-ին ասել  է Ջերմուկի բնակիչ Սուսաննա Սաֆարյանը:

Լուսանկարները` http://www.lydianinternational.co.uk