«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի»Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հակաիրավական կամ նույնիսկ մարդու իրավունքների տեսակետից որևիցէ պրոբլեմ չի տեսնում նրանում, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին:
«Ընդհանրապես ընդունված է, որ երկրի քսղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հանցագործություն իրականացնելու համար քրեական հետապնդում է իրականացվում այլ երկրում և դրա համար ազատազրկվում են, կարող են էքստրադիցիա արվել՝ իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրումը շարունակելու համար: Ուղղակի արտառոց է այն, որ նրան ներում է շնորհվել այն դեպքում, երբ նման ծանր հանցագործությունների համար Ադրբեջանում ներում չկա», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաքունցը:
Իրավապաշտպանը Ադրբեջանի այս քայլը տիպիկ ընտրողական արդարադատության դրսևորման օրինակ է անվանել, այսպես կոչված, հայրենասիրական, ազգային, կեղծ շահերի, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, որպես իրավական պետություն, գոյություն չունի:
«Կան մարդիկ, որոնք սպանության համար դատապարտվում են ազատազրկման, նրանց ներում չի շնորհվում: Այնտեղ քաղաքական որոշում է կայացվել, այլ ոչ թե արդարադատություն է իրականացվել. այսինքն՝ Ադրբեջանում արդարադատությունն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության, և սա բնութագրական է ոչ իրավական, ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող երկրներին, ու նշանակություն չունի՝ Ռուսաստա՞նն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Այս դեպքում կոնկրետ Գուրգեն Մարգարյանի իրավունքի ոտնահարում ենք արձանագրում», – նշել է Սաքունցը՝ հավելելով, որ խնդիրը արտահանձնումը չէ, այլ հանցագործության մեջ մեղադրված անձի նկատմամբ ոչ իրավական մոտեցումը:
«Սա լուրջ մարտահրավեր է հենց ադրբեջանական հասարակությանը, այսինքն՝ եթե դու ներում ես շնորհում նման ծանր հանցագործություն կատարած Սաֆարովին, ապա նմանատիպ հանցագործությունների մեջ մեղադրվողներին ինչո՞ւ ներում չես շնորհում՝ Ալիև: Այսինքն՝ ադրբեջանական իշխանությունները՝ հանձին Ալիևի, կատարեցին ծանր հանցագործություն, երբ որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին շնորհեցին ազատություն: Սա փաստում է, որ Ադրբեջանում իրականացվում է արդարադատություն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության»,- ասել է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նաև նշել է, որ թեև սա բնութագրում է ադրբեջանական իշխանություններին, այնուամենայնիվ, ինքը կասկածում է, որ եթե նմանատիպ հանցագործություն կատարեր Հայաստանի քաղաքացին ադրբեջանցու նկատմամբ, Հայաստանում նույնպես ընտրովի արդարադատություն չէր իրականացվի:
«Այն փսիխոզը, որ տիրում է թե Ադրբեջանում, թե Հայաստանում, երբ որ իրավունքի գերակայությունը, արդարադատության շահը ստորադասվում են այդ պահի նպատակահարմարությանն ու քաղաքական, էթնիկ պատկանելության շահին, դրա արդյունքում հանրության համար ունենում ենք այսպիսի ծանր հետևանքներ: Իրապես, յուրաքանչյուր ադրբեջանցի կամ իրավապաշտպան կազմակերպություն իրավունք ունի հարց բարձրացնելու, թե այն քաղաքացիները, որոնք մեղադրվել են ծանր հանցագործության մեջ և Ադրբեջանում են դատապարտվելու ազատազրկման, ապա ինչո՞ւ չպետք է նրանց ներում շնորհել: Սա շատ լուրջ հարց է», – եզրափակել է Սաքունցը: