Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները հաստատել են՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, Երևանը ընդունել է երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հիշատակված երկու կետերը, ըստ կողմերի՝ ավելի վաղ տարածած հայտարարությունների, վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն:
Պաշտոնական հայատարարությունների հրապարակումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիմնական մտքերը․
— Խաղաղության համաձայնագրում միակողմանի որևէ դրույթ չկա։
— Խաղաղության համաձայնագրում Եվրադիտորդների մասին հիշատակում չկա [խոսքը եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մասին է, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին և որի հեռացումն էր պահանջում Ադրբեջանի նախագահը – խմբ․]: Համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին դրույթ։ Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն [սահմանին]։
— [Հաղորդակցությունների ապաշրջափակման և Մեղրիով անցնող ճանապարհի մասին] Հայաստանի Հանրապետության մոտեցումը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է և մենք պատրաստ ենք իրագործել այն, ինչ տեղավորվում է այդ նախագծի մեջ։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ՝ Հայաստանը պատրաստ է տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։
— Պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
— Սահմանադրության փոփոխության հետ կապված քննարկում չկա [Ջեյհուն Բայրամովը հայտարարել է այսօր, որ հաջորդ քայլը պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Մինսկի խմբի լուծարումը – խմբ․]։ Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Սահմանադրությունը չունի՛ տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Ավելին՝ կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա արդեն նոր իրողություն, այն է՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ այդ համաձայնագիրը բոլոր նշված մտահոգությունները հասցեագրում է, լուծում է։ Առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը։
— Վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջության մեջ՝ մենք եկել ենք հետևության, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար։
— Խաղաղության պայմանագրում կա հստակ դրույթ՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։
— [Ւ պատասխան «ռևանշիստական հայտարարությունների» մասին հարցին] Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետք է տեղի չունենան և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։
https://www.youtube.com/live/s-QCbQnkuQ8?feature=shared
Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենաբարդ կետերը խաղաղության պայմանագրից առհասարակ դուրս են մնացել։
Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը առանձին է բանակցվում․ Բաքուն Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է պահանջում և պնդում ռուսական սահմանապահ ծառայության վերահսկողության վրա, Երևանը միջանցքային տարամաբանությունը մերժումը՝ ճանապարհը դիտարկելով որպես տարանցիկ ուղի, որի անվտանգությունը պետք է ապահովի հայկական կողմը։ Ընդհանուր կետի այս հարցում կողմերը առ այսօր էլ չեն հասել։
Զուգահեռ ընթանում է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի պարամետրերն ուրվագծվել են անցած տարի ընդունված համատեղ հայտարարությունում։