Home / Հայաստան / Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հատուկ տեղեկատվություն չունի, բայց խորհուրդ է տալիս զգուշանալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հատուկ տեղեկատվություն չունի, բայց խորհուրդ է տալիս զգուշանալ

Հաշվի առնելով օրերս Եգիպտոսում և Լիբիայում Ամերիկյան դիվանագիտական առաքելություն իրականացնող գործիչների վրա իրագործված հարձակումները, ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին հնարավոր շարունակական սպառնալիքների մասին: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեծ զգոնություն ցուցաբերել և համապատասխան քայլեր ձեռնարկել իրենց սեփական անվտանգությունն ապահովելու հարցում: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում:

ԱՄՆ դեսպանատունը Հայաստան այցելել պատրաստվող կամ այստեղ բնակվող ամերիկացիներին հորդորում է աչալրջություն պահպանել, հետևել լրատվությանը և քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար:

ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում նաև որևէ կասկածելի դեպքի հանդիպելիս տեղեկացնել այդ մասին պատկան մարմինններին:

Թեև ԱՄՆ դեսպանատունը չի տիրապետում որևէ հատուկ տեղեկատվության, որը կարող է վկայել Հայաստանում հնարավոր հարձակումների մասին, այդուհանդերձ, խորհուրդ է տրվում զգոն լինել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է ստացել ԱՄՆ-ի դեմ բողոքի ակցիաների անցկացման հավանականության մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:

Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել իսլամիստների ամբոխի կողմից: Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել:

Զայրացած մահմեդականները հարձակվել են ոչ միայն Բենղազիում գտնվող ամերիկյան հյուպատոսարանի, այլ նաև Եգիպտոսի ԱՄՆ դեսպանատան վրա:

Կահիրեում ցուցարարները պոկել են ԱՄՆ դրոշը և փոխարինել են այն սովորաբար «Ալ Ղաիդայի» կողմից օգտագործվող դրոշով:

Ֆիլմի հեղինակ Սեմ Բեյսիլը հայտարարել է, որ ցավում է դեսպանի մահվան համար, սակայն մեղավոր է ճանաչում ոչ թե իրեն, այլ հյուպատոսարանի թույլ պահակախմբին: