Home / Հայաստան / Վարդան Օսկանյանն այլևս անձեռնմխելի չէ (թարմացված)

Վարդան Օսկանյանն այլևս անձեռնմխելի չէ (թարմացված)

15:55 Պատգամավորների քվեարկության արդյունքում Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: 129 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 71-ը: 64-ը քվեարկել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության օգտին, 6-ը դեմ, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, ջնջված է եղել և «կողմ»-ը, և «դեմ»-ը:

ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:՝

14:40 Աղվան Հովսեփյանը ավարտեց իր ելույթը, որից հետո հայտարարվեց քվեարկության մեկնարկը: Այն կավարտվի 15:35-ին, որից հետո կհայտարարվեն քվեարկության արդյունքները:

14:30 Աղվան Հովսեփյանը, վերսկսելով ելույթը, անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի ակնարկին, որը վերաբերում էր 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր միջամտությանը Երևանի ընտրատարածքներից մեկում կայացած ընտրություններին:

Չնայած Էլինար Վարդանյանը չէր նշել, որ ընտրատարածքի մասին է խոսքը, Աղվան Հովսեփյանն իր պատասխանում ընդգծեց, որ Աջափնյակի դեպքերով (6-րդ ընտրատարծքում առաջադրվել էր Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը – խմբ.) իրավապահները դրանով զբաղվել են:

Իրավապահները հատկապես Աջափնյակի դեպքով զբաղվել են, ստուգել են, կան նյութեր, կա կայացրած որոշում: Եթե կային շահագրգիռ անձինք կամ մարմիններ, կարող էին այդ որոշում բողոքարկել: Ընդհանրապես՝ ոչ բողոքարկված է, ոչ էլ դրան անդրադարձ կա: Խնդրեմ, եթե կան մարդիկ, որոնք կցանկանան այդ նյութերին, դրանք գտնվում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում», – ասել է Հովսեփյանը:

13:30 Ընդմիջումից առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով: Նա նշել է, որ երեկ Վարդան  Օսկանյանը շատ հուզիչ ելույթ է ունեցել, որը քաղաքական է եղել և որ երեկ որոշ պատգամավորներ հուզվել են այդ ելույթից: Այնուամենայնիվ, ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ Օսկանյանն իր ելույթում հեռացել է  իրավական հարցերից, որոնք նաև առկա են միջնորդության մեջ:

«Որոշ կուսակցություններ ցանկացան որոշ քաղաքական շահաբաժիններ ունենալ, որոշ դեպքերում էլ աղավաղվեցին իրավական հասկացությունները: Միջնորդագիրը քաղաքական երանգ չի պարունակում: Ես ասացի, որ Վարդան Օսկանյանը չի կալանավորվում, չի ձերբակալվում, մանդատից չի զրկվում և շարունակելու է  զբաղվել պատգամավորական գործունեությամբ: Օրենքը չի պարտադրում, որ պարտադիր ընտրվի որևէ խափանաման միջոց:  Ավելին ասեմ, գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում, որի ընթացքում դեռ ստուգվելու են մի շարք հանգամանքներ», – հայտարարել է Հովսեփյանը:

Վերջինիս ելույթն անավարտ է մնացել, այն կշարունակվի ընդմիջումից հետո:

13:25 ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է քվեարկությանը:

13:20 ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Վարդան Օսկանյանն առաջին հերթին պետք է փորձի ապացուցել իր անմեղությունը, ինչպես նաև պետք է ապացուցի, որ քրեական գործը իր դեմ քաղաքական պատվեր է: Նրա խոսքով՝ ինքը հավատում է Վարդան Օսկանյանին, բայց քննիչը պարտավոր չէ դա անել, քանի որ քննիչի հիմնական գործառույթներից մեկը կասկածելն է:

Հարությունյանն ասել է, որ Օսկանյանը պետք է իր ամնեղությունն ապացուցելու ուղղությամբ գործեր 4-5 ամիս առաջ, ոչ թե ընտրեր «քաղաքական հետապնդված, հալածված լինելու» կերպարը:

ՀՀԿ-ական պատգամավորը տպավորություն ունի, թե Օսկանյանը փորձում է խզել ու ձերբազատվել իր ոչ վաղ իշխանական անցյալից, դա անելու համար, ըստ Հարությունյանի խորհրդի, պետք է ընդամենը ներողություն խնդրել իր սխալների համար:

Հարությունյանը, անդրադառնալով ԲՀԿ կուսակցության այն դիրքորոշմանը, թե Օսկանյանի դեմ գործը նաև կուսակցության դեմ է, ինչը կուսակցությանը ընդդիմադիր կեցվածքի մեջ է դնում, հիշեցրել է, որ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մաս և պատասխանատվություն է կիսել իշխանության քաղաքականության համար ու չպետք է փորձի «և ձուկ ուտել, և կույս մնալ»:

13:15 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը զարմանում է, թե ում մտքով է անցել նման միջնորդություն բերել Ազգային ժողով:

Իր ելությում Հակոբյանը նաև նշել է, որ իր համար անհասկանալի է խորհրդարանական մեծամասնության կեցվածքը, երբ նրանք կարծում են, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը բխում է պետական շահերից:

«Արդյոք Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որը խորհրդանաշում է կոռուպցիան, արդյոք նրան անձեռնմխելիությունից զրկելով՝ կպայքարենք կոռուպցիայի դեմ»,- հռետորական հարց է հղել Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս նաև ասել է, որ «Ժառանգությունը» բոյկոտելու է  այս քվերակությունը:

13:10 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Ազվան Հովսեփյանի երեկ հնչեցրած այն մտքին, որ նախաքննությունն աշխատում է «Սիվիլաթաս» հիմնադրամի շահերը պաշտպանելու համար:

Պատգամավորը հարց է ուղղել, թե ո՞ւմից են պաշտպանում «Սիվիլիթասը», հենց «Սիվիլաթասի՞ց»:

«Հակառակ դեպքում դատավարության կողմից պաշտպանվողները չէին բողոքի, ակցիա չէր կազմակերպի և չէին ասի «մեզ մի պաշտպանեք»», – ընդգծել է Վարդանյանը:

Նա նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը բազմաթիվ դիմումներ է  ստանում մարդկանց խախտված իրավունքների համար, որտեղ դիմումատուները հատկապես բողոքում են պատկան մարմիններից և նրանք արժանանում են բացասական վերաբերմունքի:

«Ինչպես կարող էր հասարակությունը չունենար բացասական վերաբերմունք… Օրինակներ բերեմ, որ մամուլում հրապարկվել էր, որ նախընտրական շրջանում շրջանառվում էր Կանեվսկոյ Արմենի (Ռուսաստանում հայտնի օրենքով գող, մահացել է 2010 թվականին –խմբ.) անունը և ահ ու սարսափի մթնոլորտ տարածում մարդկանց վրա (նկատի ունի Արմեն Կանեվսկոյ եղբոր հետ կապված զրույցները, ով, ըստ մամուլի հրապարակումների, ժամանել էր Երևան և 6-րդ ընտրատարածքում թաղային հեղինակությունների միջոցով ակտիվորեն աջակցել է Աղվան Հովսեփյանի եղբորը՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանին, ով ընտրվել է պատգամավոր – խմբ): Արդյոք նույն պատկան մարմինները, նույն  դատախազությունը չնկատեցին այդ քրեական տարրերին: Այդ դեպքում ինչպես է, որ պետության դեմ ուղղված հանցագործություններին սկսում են անդրադառնալ միայն քաղաքական մոտիվացիայի դեպքում»,- ասել է Էլինար Վարդանյանը:

12:30 ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտատարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցի քվեարկությանը:

Ներկայացնելով ՀԱԿ-ի որոշման պատճառները՝ Մանուկյանը նշել է, որ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի նյութերը հայտնի են եղել գլխավոր դատախազությանը դեռ 1.5 տարի առաջ, իսկ  գործը հարուցվել է միայն հիմա: ՀԱԿ-ը գտնում է, որ սա քաղաքական հետապնդում է: Քրեական գործը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության արտահայտումն է՝ քաղաքական գործիչների դեմ կոմպրոմատ հավաքելու և անհրաժեշտ պահին օգտագործելու:

«Այս գործով ամրապնդվում է իշխանությունների հրահանգով պատգամավորների նկատմամբ կիրառվող այն արատավոր ավանդույթը, որի նախադեպը պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ հետապնդումներ էին», – ասել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը վստահություն չի տածում գլխավոր դատախազի ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ հատկանիշների համար, քանի որ Աղվան Հովսեփյանի անձի հետ են կապված Հայաստանում բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերը, հոկտեմբերի 27-ի գործի տապալումը, մարտի 1-ի 10 սպանության չփացահայտման փաստը:

Որպես հետգրություն ՀԱԿ անդամը հայտարարել է.

«Բոլոր հանցագործները սովորաբար վերջում փորձում են եկեղեցի կամ խաչ կառուցել: Պարոն դատախազ, փորձեք խաչ կառուցել»:

12:08 Առաջինը ամբիոնին ելույթի համար մոտեցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը, իսկ այն երեք պատգամավորները, ովքեր գրանցվել են ելույթների համար անմիջապես դրանից հետո լքելու են դահլիճը:

«Սա քաղաքական հալածանք է և ճնշում մի մարդու հանդեպ, որը ասում էր ճշմարտությունը: Ճնշում է նաև մի կուսակցության դեմ, ով դեմ քվերարկեց կառավարության ծրագրին: Առնվազն համոզիչ չէ, որ իշխանությունը ասում է, թե այս քրեական գործը ԲՀԿ-ի խմբակցության դեմ չէ»,- ասել է Մարգարյանը:

Պատգամավորն ասել է, որ կհավատա, որ քրեական գործը ԲՀԿ-ի դեմ չէ, եթե  ԱԺ-ն չքվեարկի Օսկանյանի դեմ,  իսկ Աղվան Հովսոփյանը հրաժարական տա:

12:05 Ազգային Ժողովի հերթական քառօրյայի երկրորդ աշխատանքային օրը մեկնարկել է: Այսօր պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործում որպես մեղադրյալ ներգրավելու և անձեռնմխելիությունից զրկելու մասին: Օրվա ընթացքում Epress.am-ը տեքստային օնլայն հեռարձակում է ներկայացնելու Ազգային ժողովից: