«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի հակամարտությունը երեկ շարունակվել է հայտարարությունների միջոցով: Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին այն ժամանակ, երբ Հովհաննիսյանը նշել է, թե Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը և խորհրդարանական ընտրություններից հետո չի հետևել իր օրինակին, և վայր չի դրել մանդատը:
Կողմերը նախօրեին հանդիպել էին, և պայմանավորվել խնդիրները քննարկել «Ժառանգություն» խմբակցության («Ազատ դեմոկրատները» խմբակցության մաս են կազմում – խմբ.) համատեղ նիստում:
Երեկ, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը «Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր» վերնագրով հայտարարություն է տարածել, որում նշված է, թե «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»:
«Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» և քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:
Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր և որոշ չափով` ռիսկային, բայցև հիմնավոր ու ապագայամետ:
Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ:
Այդ մեկը` եթե երբևէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա և Աստծո օրենքի միջև է:
Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջև:
Եվ վերջում` նրա սատարումը որևէ հարցում ցանկալի չէ», – նշել է Հովհաննիսյանը:
Պատասխան հայտարարության մեջ Խաչատուր Քոքոբելյանն ափսոսանք է հայտնում «Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ»:
«Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով», – նշել է Քոքոբելյանը: