Home / Հայաստան / Հակասությունները ՀԱԿ-ի շարժիչ ուժն են, սակայն նախագահի թեկնածուի հարցում Կոնգրեսը խնդիր չունի

Հակասությունները ՀԱԿ-ի շարժիչ ուժն են, սակայն նախագահի թեկնածուի հարցում Կոնգրեսը խնդիր չունի

Մամուլում շրջանառվող այն խոսակցությունները, թե ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կա հակասություն՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ դա մամուլի կողմից հորինված թեմա է:

Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսն ունի մեկ նախագահի թեկնածու, և դա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այդ փաստը, ՀԱԿ համակարգողի խոսքով, Կոնգրեսում երբեք չի կարող հակասություն առաջացնել:

Բանախոսն ընդգծել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին որոշումը դեռևս կայացված չէ:

«Ես չգիտեմ մեր շտաբի երկու անդամների, ովքեր իրար հետ այս տարիների ընթացքում հակասություն ունեցած չլինեն: Մենք, ունենալով հակասություններ տարբեր հարցերի շուրջ, այդուհանդերձ պահպանում ենք փայլուն ընկերական, բարեկամական հարաբերություններ», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ ինքը հակասություններ Կոնգրեսում շատերի հետ է ունեցել, նույնիսկ  Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց դա համարել է Կոնգրեսի շարժիչ ուժը:

Այն հարցին, թե երբ է կայանալու հաջորդ հանրահավաքը՝ Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք թեև խոստացել էին այն սեպտեմբերին կազմակերպել, սակայն հասկացել են, որ ժողովուրդը իրենցից մեկ բան է ցանկանում լսել, թե որն է լինելու Կոնգրեսի ռազմավարությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Հավաքել մարդկանց ու չխոսել այդ մասին՝ Լևոն Զուրաբյանը ճիշտը չի համարում, այդ իսկ պատճառով հանրահավաքն առայժմ հետաձգվում է: