2010 թվականի մարտի 15-ին հայկական բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում տեղեկանալ, թե այս պահին ինչ փուլում է իր որդու գործը: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Տիկին Մուրադյանի տեղեկություններով՝ գործը դեռևս նախաքննության փուլում է.
«Ես ասում եմ, ո՞ր փուլում է իմ գործը, գրավոր ինձ տեղեկացրեք: Մեր երկրորդ քննիչը թողել է մեր գործը, մի ուրիշ քննիչ է, ես չգիտեմ՝ ով է, ես տեղյակ չեմ»,- ասել է զինծառայողի մայրը:
«Մեր առաջին քննիչը՝ Արման Ապրեսյանը, մտել է դեպքի վայր, առանց տեղազննության, առանց իրեղեն ապացույցների, վրայից մատնահետքեր ոտնահետքեր վերցնելու, միանգամից բացականչել է՝ սա ինքնասպանություն է: Թե ինքը որտեղի՞ց է գտել, որ ինքնասպանություն է՝ ես չգիտեմ: Ես դիմել եմ գլխավոր դատախազին, նախագահին և մարդու իրավունքների պաշտպանին, որ այս զինվորական համակարգից իրենց հեռացնեն, քանի որ չեն կարողանում այս գործը քննել, թող այլ մարմին քննի իմ տղայի գործը, եթե իրենք չեն կարողանում: Մինչև այսօր պատասխան չկա, երկու ամիս է՝ տվել եմ: Այսինքն՝ չեն կարողանում ամեն ինչը կեղծեն, այնքան շատ են իրենց հակասությունները»,- ասել է Նանա Մուրադյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքը կարողացել է հայտանբերել իր որդու նկարները, որոնք նախկինում չի տեսել, և վստահեցրել է, որ իր տղայի գլխի վրա հարված է եղել:
«Ես մասնագետի եմ տվել, նայել է այդ նկարը, ասել է, որ գլխի վրա չոր բանով հարված է եղել, հնարվոր է՝ փայտով: Գլուխը բացված, մաշկը պատռված է եղել»,- հավելել է Նանա Մուրադյանը: