Home / Տեսանյութեր / «Ախպորս աղջիկն էլ լինի..». Փաստաբանների դպրոցը պատասխանատու չէ՞ փչացած համակարգչի համար

«Ախպորս աղջիկն էլ լինի..». Փաստաբանների դպրոցը պատասխանատու չէ՞ փչացած համակարգչի համար

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Աննա Խաչատրյանն ընդդեմ Փաստաբանների պալատի» գործով նախնական նիստը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը նշել է, որ Աննա Խաչատրյանը պահանջում է փաստաբանների պալատից վերականգնել իր իրավունքը մասնակցել փաստաբանների դպրոցի դասընթացներին այն հիմքով, որ քննությանը մասնակցելուց հետո իր աշխատանքի արդյունքներն անհայտացել են պատասխանող կողմի մեղքով:

Հիշեցենք, որ Փաստաբանների պալատին կից դպրոցի ընդունելության քննության ժամանակ 15 համակարգիչներ, այդ թվում նաև Աննա Խաչատրյանին հատկացվածը, փչացել են, և քննության արդյուքնները կորել են:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ հայցի իրավական հիմքը բացակայում է: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել Աննային դպրոց, եթե այդ հիմքը մատնանշվի:

«Դատարանի վեճ չկա: Ես ուղղակի չունեմ հայեցողական իրավունք ընդունել դիմորդի, ում քննության արդյունքները չկան: Ախպորս աղջիկն էլ լինի, չեմ կարող ընդունել», – ասել է Բաղդասարյանը:

Գայանե Խաչատրյանը պատասխանողին հարցրել է՝ արդյոք իրենց դպրոցի  քննական կարգի մեջ կա կետ, որը նախատեսում է գործողություններ ու պատասխանատվություն ` համակարգչի փչանալու դեպքում: Բաղդասարյանն ասել է, որ նման հանավանակնություն իրենք չեն նախատեսել: Նրա խոսքով՝ նման կետ ոչ մի ուսումնական հաստատությունում չի նշվում: Աննա Խաչատրյանը նշել է, որ Բաղդասարյանը, փաստորեն, փաստում է, որ պալատն իր կարգում ունի օրենսդրական բաց և դրա շնոհիվ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Դիմորդի պնդմամբ` ընդունելության մասին տեղեկատվության մեջ պալատը նույնիսկ չի նշել, որ քննությունը համակարգչով է լինելու, այլ միայն հայտնել է գրավոր կամ բանավոր քննական կարգերի մասին:

Կարծիքների փոխանակումից հետո դատավորը ընդհատել է նիստը և հաջորդը նշանակել նոյեմբերի 15-ին: