Home / Հայաստան / Դատախազության հերթական պատրվակը. Մատաղիսի գործով դատական նիստի մասին

Դատախազության հերթական պատրվակը. Մատաղիսի գործով դատական նիստի մասին

2012 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը:

Դատական նիստին ներկայացել էին տուժողների իրավահաջորդները, ամբաստանյալները, նրանց շահերի պաշտպանը: Այս դատական նիստին վերջապես ներկայացել էին նաև բոլոր երեք մեղադրողները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ նիստի սկզբում մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց վերսկսել դատաքննությունը և հրամանատար Իվան Գրիգորյանին կանչել հարցաքննության: Դատարանը ընթերցեց ոստիկանության կողմից ուղարկված գրությունը, որը պարունակում էր տեղեկատվություն այն մասին, որ հնարավոր չէ գտնել Իվան Գրիգորյանի բնակության հասցեն: Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ այն պարզապես պատրվակ է ձգձգելու համար դատական վիճաբանությունների փուլին անցնելը և կտրականապես առարկեց բավարարել միջնորդությունը:

Դատարանը մերժեց միջնորդությունը և անցավ վիճաբանությունների փուլ:

Այնուհետև մեղադրող կողմի միջնորդությամբ դատական նիստը ընդմիջվեց հինգ րոպեով, որը սակայն ձգձգվեց մոտ մեկ ժամ:

Ընդմիջումից հետո մեղադրողներից մեկը ընթերցեց ճառի ներածական մասը, որով պնդեց մեղադրանքը, այնուհետև խնդրեց դատական նիստը ընդմիջել մինչև 2012 թ. դեկտեմբերի 4-ը ճառը ամբողջությամբ ներկայացնելու համար:

Մատաղիսի գործի վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնել մի շարք հասարակական կազմակերպություններ: Իսկ 2012 թ. նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսով հանդես էին եկել գործով փաստաբան Հայկ Ալումյանը և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը, որի ընթացքում բարձրաձայնել էին գործի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Հիշեցնենք, որ Մատաղիսի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում են նույն զորամասի 3 զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողները դուրս են եկել զորամասից, հետո հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:

Դատախազության վարկածի հիմքում դրված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանները նշում են, որ երկու անգամ Ռազմիկ Սարգսյանի դեմ սուտ մատնություն է տվել իր նախկին ընկերուհին: Նա ասել է, թե իբր Ռազմիկն իրեն սպառնացել է՝ ասելով՝ «տես, դու էլ իմ զոհը չդառնաս»: