Այս պահին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ՝ պահանջելով չեղյալ համարել իրենց գյուղում ոսկու ձուլարան բացելու մասին որոշումը: Բողոքողները ձեռքում պաստառներ էին պահել. մեկի վրա պատկերված էր ՀՀ Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառը՝ «Փրկիր Մեղրաձորը» գրությամբ: Մեկ այլ պաստառի վրա գրված էր «Հանուն մեր երեխաների», մյուսի վրա՝ «Ոչ ցիանիդին»:
Բնակիչները Epress.am-ին հայտնել են, որ իրենց հարկավոր չեն ձուլարանի գործարկման արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերը, քանի որ իրենց երեխաների առողջությունը, գյուղի բնությունն ավելի թանկ են գնահատում:
Գյուղի բնակիչների խոսքով՝ իրենք հաշտվել են Մեղրաձորի հարևանությամբ գործող ոսկու հանքի գոյության հետ, սակայն այժմ ենթադրվում է, որ ոսկին տեղում պետք է վերամշակվի, իսկ դա արվում է ցիանիդի օգտագործմամբ՝ աղտոտելով օդը:
Գյուղացիները նախագահական գալուց առաջ փորձել են խնդիրը լուծել տեղում՝ գյուղապետ, ՀՀԿ-ական Կառլեն Հովհաննիսյանի հետ բանացկելու միջոցով, սակայն հաջողության չեն հասել: Այն հարցին, թե արդյոք որոշումը կայացնելուց առաջ համայնքում անցկացվել են հանրային լսումներ՝ գյուղացիները պատասխանել են, որ «համենայնդեպս գյուղում չի իմացվել, որ լսում եղել է»: Մեղրաձորցիները մի գիշերվա մեջ ստորագրահավաք էին անցկացրել և հավաքել մոտ 850 ստորագրություն՝ ձուլարանի շահագործման դեմ:
«Դեռ հանքի մոտ 200 աշխատողներին թույլ չենք տվել ստորագրել, որ աշխատանքի վայրում խնդիրներ չունենան: Մեր գյուղում կա 6-7 ամառային ճամբարներ երեխաների համար, մի 500 մետր այն վայրից, որտեղ ձուլարան են ուզում սարքեն: Էլ չասեմ, որ Ծաղկաձորը, Հանքավանը մի 6 կիլոմետրի վրա են»,- Epress.am-ին ասել է մեղրաձորցիներից մեկը:
Բնապահպան Ինգա Զառաֆյանը Epress.am-ին հայտնել է, որ հանրային լսումներն անցկացվել են, սակայն դրանց գյուղացիներից մի քանիսն են մասնակցել, հավաքը վարել է ոչ թե գյուղապետը, այլ «Մեղրաձոր գոլդ» ընկերության նախագահ Վարդան Մարգարյանը: Զառաֆյանը նաև դատապարտել է ընկերության նախաձեռնությունը ստիպել հանքում աշխատողներին գյուղացիներին հակընդդեմ ստորագրահավաք անել՝ հաստատելով, որ կողմ են ձուլարանի շահագործմանը:
Ի դեպ, բնապահպանների խոսքով, նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:
Մեղրաձորցիների բնակիչներից մեկը՝ Սամվել Մկրտչյանը, հայտնել է, որ մեղրաձորցիների 70%-ն արտերկրում է աշխատում, իսկ եթե ձուլարանը բացվի, էլ ավելի շատ մարդիկ կհեռանան:
12:20-ին նախագահականի վերահսկողության ծառայությունից Մինասյանին և ևս 4 գյուղացիների ուղեկցել են նամակների և ընդունելության բաժին բողոքը ներակայացնելու համար: