Գլխավոր / Հայաստան / «Ռուսաստանի գործակալ». Սահակաշվիլին Չախալյանին համեմատել է Աբխազիայի հերոսի հետ

«Ռուսաստանի գործակալ». Սահակաշվիլին Չախալյանին համեմատել է Աբխազիայի հերոսի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանի խորհրդարանին մեղադրել է «վրացական պետականության թշնամի», հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ:

Հունվարի 25-ին Սահակաշվիլին հատուկ ուղերձով է հանդես եկել՝ Չախալյանի ազատ արձակումն անվանելով հակապետական քայլ, նշելով, որ հայազգի հասարակական գործիչը ռուսաստանյան հետախուզական մարմինների գործակալ է:

Վրաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ Չախալյանը չի աշխատում Հայաստանի համար, այլ աշխատում է Ռուսաստանի վրա՝ Վրաստանի ամբողջականությունը կազմաքանդելու նպատակով:

«Խոսքը Չախալյանի էթնիկ ծագման մասին չէ, քանի որ մեզ մոտ բազմաթիվ հայեր կան, ովքեր ծառայում են մեր երկրին և պատրաստ են զոհվել պետության համար: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Գարեգին Բ-ի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն սխալ քայլ է, այլ նաև հանցագործություն մեր պետականության դեմ», — ասել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլիի խոսքով՝ նման քայլը հետագայում բացասական հետևանքներ կունենա Վրաստանի համար, ինչպես դա եղավ վրացական իշխանությունների կողմից Հարավային Օսիայի անջատողական Թորեզ Կուլումբեգովի դեպքում:

«Ժամանակին Չախալյանն ավերել է վրացական եկեղեցին, թանգարան Ախլքալաքում: Նրան կարելի է  համեմատել աբխազական անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ (Աբխազիայի ԶՈՒ հրամանատար, Աբխաղիայի ղեկավարն էր 1990-2005-ին, Աբխազիայի հերոս – խմբ.): Իվանիշվիլին չի հասկանում՝ ում է ազատ արձակել», — հայտարարել է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Չախալյանն ազատ էր արձակվել հունվարի 24-ին բանտում 4 տարուց ավելի անցկացնելուց հետո:

Նա ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել: