Փետրվարի 18-ի ընտրություններում ժողովուրդն ընտրել է իր նախագահին՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, և այս արձանագրումն արդեն թելադրում է հետագա զարգացումների ընթացքը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընտրված նախագահը, ըստ Սահմանադրության, պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին, իսկ դա նշանակում է, որ նորընտիր նախագահի ջանքերը, ինչպես և ցանկացած երկրում, պետք է միտված լինեն հաղթանակը դե յուրե հաստատելուն:
«Ժողովուրդը ուզում է տեսնել, թե ինչպես և ում հետ է պատրաստվում կառավարել երկիրը Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս ջանքերը, իմ համեստ կարծիքով, պետք է ուղղված լինեն բացառապես ժողովրդին վստահություն ներշնչող կառավարական թիմի ձևավորմանը: Կրկնեմ, ինքս ոչ մի պայմանով, ոչ մի պարագայում չեմ հավակնում լինել այդ նոր իշխանության կազմում, որ որևէ մեկն առիթ չունենա Ազատության հրապարակի ոգեղեն և մաքրամաքուր պայքարը ներկայացնել որպես աթոռակռիվ: Եվ առավել ևս այս ֆոնին, որպես ոչ թե հարթակի, այլ հրապարակի մարդ, որպես այս պայքարի շարքային մասնակից, արտահայտում եմ համոզմունք, թե բացառապես դրանից է կախված հետագա իրադարձությունների ընթացքը: Դրանից է կախված, թե ապրիլի 9-ին որքան մարդ դուրս կգա հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոնամուտի լիազորություն տալու և Սերժ Սարգսյանի պաշտոնավարության էջը փակելու համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
«700 հազար մարդ հրապարակում և 24 ժամ Սերժ Սարգսյանին՝ ժողովրդի իշխանությունը ճանաչելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները ի ցույց չեն դնում ժողովրդի ընտրությունը: Ժողովուրդն ինքը պետք է իր ընտրությունը ի ցույց դնի, բայց ոչ թե Ազատության, այլ Երևանի Հանրապետության հրապարակում: Ազատության հրապարակում մենք նվաճել ենք մեր ազատությունը, լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում պետք է յուրատեսակ ժողովրդական հանրաքվեով հաստատենք այդ ազատությունը: Սերժ Թանգյանի և Ռուբեն Հախվերդյանի հետ, Արտո Թունչբոյաջյանի հետ, Վարդան Պետրոսյանի, էլի ու էլի շատ մտավորականների հետ, Սփյուռքով, Հայաստանով, ախալքալաքցիներով, ղարաբաղցիներով, երևանցիներով, գորիսեցիներով, ծեր ու մանուկով Րաֆֆի Հովհաննիսյանին պիտի երդվեցնենք Երևանի Հանրապետության հրապարակում», – ասել է ՀԱԿ պատգամավորը: