Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երեկ զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հանդիպման պաշտոնական հրավեր փոխանցելու համար: Այս մասին Panorama.am-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
«Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները», – նշել է Արզումանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը որևէ ասելիք ունի, պետք է գա հրապարակ:
«Ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց պիտի գա ու այստեղ բոլորի առջև խոսի», – ասել էր ընդդիմության առաջնորդը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը կայացել էր փետրվարի 21-ին: