Home / Տեսանյութեր / Բրիտանացի փոխնախարարը ողջունում է հայաստանցիների ինքնաարտահայտման իրավունքը

Բրիտանացի փոխնախարարը ողջունում է հայաստանցիների ինքնաարտահայտման իրավունքը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի կարծիքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ընտրությունները:

«Թեև դիտորդները նաև մտահոգություններ են արտահայտել իրենց զեկույցում, սակայն դրանք մեր համոզմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա և մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները: Կարծում եմ՝ թերություններից Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կողմերը պետք է դասեր քաղեն ապագայի համար»,- այսօր լրագորղների հետ հանդիպմանn ասել է Ֆրեյզերը՝ Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը:

Մեր այն հարցին, թե ինչ կարծիք ունի դիտորդներից մեկի՝ Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի և Արդարադատության նախկին նախարար Դերմոտ Ահերնի այսօր հրապարակված նամակի մասին, որում վերջինս բարձրաձայնում է իր տեղամասում թույլ տված կեղծիքների մասին, Ֆրեյզերը պատասխանել է, որ ինքը չի կարող նամակը մեկնաբանել, քանի որ ծանոթ չէ առանձին դիտորդների կարծիքներին:

Epress.am-ը Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին նաև հարցրել է օտար գերտերությունների Հայաստանում գտնվող դեսպանատների մոտ քաղաքացիական ակտիվիստների ակցիաների մասին:

Փոխարտգործնախարարն ասել է, որ բողոքի ակցիաների մասին չի կարող մանրամասն մեկնաբանություն տալ, քանի որ տեղյակ չէ դրանցից, սակայն ուրախ է և ողջունում է այն, որ մարդիկ ինքնաարտահայտման իրավունք ունեն:

«Արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է»,- նկատել է Ֆրեյզերը:

Նա նշել է, որ Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերություններում կարևոր է համարում տնտեսական հարաբերությունները: Ֆրեյզերը հատկապես կարևորել է «Լիդիան» ընկերության ներդրումները Հայաստանի հանքաարդյունաբերության  մեջ: Ըստ Ֆրեյզերի՝ այդ ոլորտում համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վարկանիշի վրա որպես ներդրումներ կատարելու համար նպաստավոր երկիր:

Լուսանկարը՝ FT.com