Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը

Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ավելի ժողովրդավար դառնա: Այս մասին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող թեկնածուն, ով մարտի 10-ից հացադուլի է նստել Ազատության հրապարակում, հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես կողջունեի Պուտինի հայտարարությունը, որով նա կկանգնի հայ ժողովրդի կողքին, և ոչ թե կեղծված ընտրություններով նշանակաված հարգելի թեկնածուի», – հայտարարել է «Ժառանգության» նախագահը:

Խոսելով Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարի մասին՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ դեմ է Եվրասիական և Մաքսային միություններին Հայաստանի անդամակցությանը, թեև դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հարաբերություններ չհաստատի ասիական պետությունների հետ: Նշենք, որ Եվրասիական միության նախագիծն առաջ է քաշվել Ռուսաստանի կողմից և դրան միանալու նախնական համաձայնություն են հայտնել նաև Բելառուսը և Ղազախստանը: Այդ երեք երկրները 2010 թվականին ավարտել են Մաքսային միության ձևավորումը, իսկ 2012 թվականից Միացյալ տնտեսական տարածք են ստեղծել:

Լրագորղներից մեկի դիտարկմանը, թե ԵՄ-ն ճգնաժամի մեջ է և արդյոք տնտեսապես ճիշտ չէ միանալ Եվրասիական միությանը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Նախ պետք է գրանցենք, որ մեր տնտեսությունը յուրացվել է մի քանի ընտանիքների, օլիգարխների կողմից, մեր տնտեսությունը վնասվել է ներսից, ոչ թե դրսից»:

Բանախոսի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մեջ կարևոր են հորիզոնական հարաբարերությունները նույն Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների ու կառույցների հետ, որոնց հետ համագործակցում է Հայաստանը: Անդրադառնալով երկրի անվտանգության ոլորտին՝ Հովհաննիսյանն ասել է, որ նման տիպի հարաբերությունները կարևոր են թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի հետ շփումներում:

Ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ այսօր իրեն այցելել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է զրուցել վերջինիս հետ: