Գլխավոր / Հայաստան / Հայաստանցի կաշառակեր պաշտոնյաներից շատերն անպատիժ են մնում. զեկույց

Հայաստանցի կաշառակեր պաշտոնյաներից շատերն անպատիժ են մնում. զեկույց

Հայաստանում օրենքը սահմանում է քրեական պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին կոռուպցիայի համար, սակայն կառավարությունն այդ օրենքն արդյունավետ չի կիրառում, ու բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ներգրավված են կոռուպցիոն բնույթի գործողություններում, անպատիժ են մնում:

Հայաստանում կոռուպցիայի վիճակին անդրադառնալով՝ նման գնահատական է հնչեցնում ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավուների զեկույցը:

«Կոռուպցիայի դրսևերումների դեմ պայքարող հասարակական խմբերը նշում են, որ ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաների մասին մամուլի հրապարակումները», — գրում են զեկույցի հեղինակները:

Նրանք նշում են, որ 2012 թվականի հուլիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն իր մտահգությունն էր հայտնել կառավարության բոլոր ճյուղերում առկա կաշառակերության վերաբերյալ: Հանձնաժողովը նշել էր, որ հասարակական վստահությունը արդարադատության նկատմամբ չի վերականգնվի, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը համոզիչ արդյունքներ չի արձանագրել:

«Սեպտեմբերի 6-ին օտարերկրյա դատարանը 37.5 միլիոն դոլար գումարի չափով տուգանել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունից կաշառք պահանջելու համար: Այվազյանը պահպանել է իր պաշտոնը, և դեպքի վերաբերյալ ոչ մի հետաքննություն չէր անցկացվել:

Սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը ձերբակալել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, ում աշխատանքից ազատել էին 2011 թվականին՝ կասկածելով 113 միլիոն դրամի յուրացման մեջ», — ընդգծում է Պետդեպը:

Համաձայն զեկույցի հեղինակների, խնդիր է մնում նաև կաշակերությունը ոստիկանական համակարգում: Պետդեպն ընդգծում է, որ այս դեպքում մի շարք պաշտոնյաների գործով քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, նշելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի և Ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Մարգար Օհանյանի անունները:

«Ոստիկանությունը պատասխանատու է կոռուպցիայի դեպքերը քննելու, իսկ Գլխավոր դատախազությունը՝ դրանց ընթացք տալու համար: Սակայն երկու հաստատություններից և ոչ մեկը ակտիվորեն չի համագործակցել քաղաքացիական հասարակության հետ: Լայնորեն տարածված տեղեկությունների համաձայն, երկու հաստատություններն էլ անկախ ու արդյունավետ չեն գործում», — նշվում է զեկույցում:

Փաստաթղթի հեղինակները նշում են նաև, որ, չնայած Սահմանադրությունն արգելում է բիզնեսով զբաղվել հանրային պաշտոններ զբաղեցնողներին, Ազգային ժողովում, ինչպես նաև կառավարությունում, կան մարդիկ, ովքեր բիզնես գործունեություն են ծավալում, իսկ պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական բիզնես շահերը առաջ քաշելու համար: