Home / Տեսանյութեր / ԼՂՀ-ում հայաստանցի զինվոր է մահացել. անկախ փորձագետը ցանկանում է մասնակցել դիազննությանը

ԼՂՀ-ում հայաստանցի զինվոր է մահացել. անկախ փորձագետը ցանկանում է մասնակցել դիազննությանը

Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքները դեռևս չեն պարզվել, տարվում է քննություն:

Համաձայն «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտակերտի «Ինտերնատ» անունով հայտնի զորամասում: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորի ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է: Րաֆֆին զորակոչվել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից:

«Րաֆֆիի մարմինը Երևանի ճանապարհին է և առավոտյան (ապրիլի 20-ին) 10:30 ենթարկվելու է դիազննության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում («անատոմիկ», հասցեն՝ Մ. Հերացի 5/1): Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին:

Լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և այլ քաղաքացիների ներկայությունը ցանկալի է, քանի որ հաշվի առնելով նախորդ փորձերը, անկախ փորձագետի ներգրավումը կարող է խոչընդոտվել», – հայտարարում է քաղաքացիական նախաձեռնությունը: