Home / Հայաստան / ՀՀԿ-ական թեկնածուն ընտրատեղամասում շրջում էր վստահված անձի վկայականով (թարմացվում է)

ՀՀԿ-ական թեկնածուն ընտրատեղամասում շրջում էր վստահված անձի վկայականով (թարմացվում է)

17.50 08/09 տեղամասում (№ 179 դպրոց, Ա-3 թաղ.), Մեսրոպ Մանուկյանը` ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածուն (համար 85), երկար ժամանակ ՀՀԿ վստահված անձի վկայականով գտնվել է ընտրատեղամասում: Դիտորդների նկատողությունից հետո, դեպքը գրանցվել է գրանցամատյանում և Մեսրոպյանը հեռացվել է ընտրատեղամասից:

17:30.  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 13/05 տեղամասում (№ 70 դպրոց, Սարի Թաղ) ԲՀԿ-ական ավագանու թեկնածուն բազմաթիվ անգամ մուտք է գործել ընտրատեղամաս՝ առանց համապատասխան գրանցման:

12/27 տեղամաս (№ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ.) եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:

Համաձայն նախաձեռնության տվյալների 08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածության անդամ Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների և դիտորդների աշխատանքը: Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս:

16.04 Երևանի թիվ 9/21 և 9/22 ընտրատեղամասերից դուրս են գալիս լուսանկարող սարքերով մարդիկ, որոնք մոտենում են ընտրատեղամասերի մոտ կանգնած տղամարդուն, ցույց տալիս լուսանկարները և ստանում 10 000 դրամ: Այս մասին ահազանգել է Կոնդի բնակչուհի Ջեմմա Մեսրոպյանը:

15:18 2/08 տեղամասում (Նոր Նորքի 4-րդ զանգված) ընտրելու եկած բնակիչը հայտնաբերել է, որ իրենց բնակարանի վրա հաշվառված են մարդիկ, որոնց չի ճանաչում: Օպերատիվ արձագանքման խումբը և «Հայկական Ժամանակի» լրագրողը մեկնել են տեղամաս: «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի խնդրանքով քաղքացին սպասում է օպերատիվ արձագանքման խմբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

13.30 13/23 ընտրատեղամասում քվեարկող Նադեժդա Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր իր դուստրը՝ Իրինա Արփաջյանը, 20 տարի է՝ Հայաստանում չի բնակվում, սակայն ընդգրկված է ըտրացուցակներում (գրանցված է Էրեբունու 23 շենքի 60 բնակարանում): Տիկին Գրիգորյանն այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամներին՝ նշելով, որ դեռևս նախագահական ընտրությունների ժամանակ զգուշացրել էր այդ մասին:

Հանձնաժողովի ներկայացուցիչները, սակայն, նշել են, որ կապ չունեն ցուցակների հետ:

13:06 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 07/13 ընտրատեղամասում` 176 դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել ևս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել Ոստիկանության ներկայացուցչին:

12:50 «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի դիտորդները Երևանի մի շարք ընտրատեղամասերում մարդկային կուտակումներ և կողմնակի անձանց ներկայություն են գրանցել: Դա մասնավորապես, տեղի է ունեցել 13/15, 13/11, 13/31, 8/19 ընտրատեղամասերում:

Բացի դա, դիտորդներն ականատես են եղել ընտրողների ուղղորդման դեպքերին: Մասնավորապես, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 111 դպրոցում տեղակայված 07/28 տեղամասում, արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը և «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումոտ են անում, դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս:

12:30 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/20 ընտրատեղամասի մուտքի մոտ ընտրողներից մի քանիսին լուսանկարչական սարքեր են բաժանել: Այս մասին Epress.am-ին ահազանգել է ընտրողներից մեկը:

12:08 Նորագյուղի 09/28 տեղամասում, թաղի տղերքը լցվել են տեղամաս, հայտարարել, որ դուրս չեն գալու` ինչ էլ անեն և թելադրում են ընտրողներին` ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագաը անկարող է կարգավորել իրավիճակը, հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

12:00 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ Վարդաշենի թիվ 67 մանկապարտեզում տեղակայված 13/27 ընտրատեղամաս է մուտք գործել ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը, հարբած վիճակում հայհոյել և սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով ևս մի քանի անհայտ անձինք: Առկա են մեծ կուտակումներ և իրավիճակը տեղամասում անվերահսկելի է:

11:00 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լևոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «…Պարոն Մուկուչյան, Երևանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am և «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին և դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս… Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի և դիտորդի իրավունքները վերականգնելու համար»:

10:40 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Երևանի ավագանու ընտրություններին, մի շարք տեղամասերում մարդկանց կուտակումներ է արձանագրել:

Մասնավորապես, 13/37 ընտրատեղամասում, որը տեղակայված է Նուբարաշենի 175 դպրոցում, 10:35-ի դրությամբ կուտակումներ են արձանագրվել, տեղամասում նաև կողմնակի անձանց ներկայություն է նկատվել:

Նախաձեռնությունը նաև հայտնում է, որ 10:10-ի հատվածում 13/27 տեղամասում` Վարդաշենի 64 դպրոցում, երկու «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներ են բերում-տանում:

08/28 տեղամասում, թիվ 91 դպրոց, դիտորդին արգելվել է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահն է ՀՀԿ-ական Սամվել Խանյանը: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:

10:20 Մի քանի ընտրատեղամասերում քվեարկած ընտրողներն ահազանգել են, որ աձնագրերի վերջին էջին դրված կնիքը հեշտությամբ մաքրվում է: 10/15 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը բարձրաձայնել է այդ մասին՝ խնդրելով «կնիքը գոնե մի երեք վայրկյան պահել»: Հիշեցնենք, որ թանաքը ցնդելու և կնիքը մաքրվելու ահազանգեր են եղել նաև անցյալ տարվա խորհրդարանական և այս տարչվա նախագահական ընտրություններին: Դիտորդները մտահոգություն են հայտնել, որ դա կրկնակի կամ բազմակի քվեարկության հնարավարություն է ստեղծում:  «Մարդու իրավունքների տուն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլոզ Լեգալիշվիլին անցյալ տարվա ընտրություններին Epress.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել թանաքի բաղադրության մասին:

10:10 Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից մեկը Epress.am-ին ահազանգել է, որ երեկ իրենց տան մուտքի մոտ դրված է եղել ՀՀԿ ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի նամակն ընտրողներին և նախընտրական բացիկը:

Բնակիչը նշել է, որ, չնայած, ընտրություններին նախորդող օրը լռության օր է, և քարոզարշավ անցկացնել չի կարելի, սակայն Մարգարյանի նամակներն ու բացիկներն տարածվել են Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերում:

10:00 Epress.am-ի լրագրողը առավոտյան շրջել է Էրեբունի վարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերով:

«Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղակայված 13/23 ընտրատեղամասի նախագահ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հայկ Թոխոյանը քվերակության մեկնարկից հետո նկատել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը զրուցում քաղաքացիական հագուստով մի մարդու հետ ու վերջինից պահանջել է ներկայանալ կամ հեռանալ տեղամասից:

Ոստիկանը միջամտել է՝ նշելով, որ քաղաքացիական հագուստով անձը նույնպես ոստիկան է և ծառայություն է իրականացնելու հատուկ հատկացված սենյակում:

Թոխոյանը նշել է, որ ծառայություն իրականացնող ոստիկանը չպետք է տեղամասում գտնվի քաղաքացիական հագուստով, բացի դա, պետք է ցուցակագրված լինի և ծառայությունն իրականցնի մուտքի մոտ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ միջադեպի դեպքում ինքը չպետք է փնտրի, թե որտեղ է գտնվում ոստիկանը օգնության կանչելու համար:

Այնուամենայնիվ, ոստիկանները պնդել են, որ իրենք կմնան իրենց հատկացրած սենյակում: Քաղաքացիական հագուստով անձն այդպես էլ չի ներկայացել:

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի մեդիա դիտորդ Նարե Արշակյանը պատմել է Epress.am-ի թղթակցին, որ 13/05 ընտրատեղամասում առավոտյան մի մարդ է հայտնվել, ով ներկայացել է որպես ԲՀԿ ավագանու ցուցակի անդամ ու չի նշել իր անունը: Երբ հանձնաժողովի նախագահը պահանջել է հեռանալ սենյակից, ԲՀԿ-ականը հայտարարել է, որ ավելի շատ իրավունքներ ունի, քան հանձնաժողովի անդամները և պնդել է, որ պետք է մնա քվեարկության վայրում: Հետագայում, սակայն, ծանոթանալով ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի հետ, նա հեռացել է տեղամասից: