Գազի գները նորից բարձրանում են, սակայն դժբախտաբար դրանց մասին դեռևս թափանցիկ տեղեկատվություն չկա։ Վերլուծելով գազի գնի բարձրացման համար ներկայացված «Հայռուսգազարդ» ընկերության հայտը՝ այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մինչ այս նոր թանկացումը գներն այսպիսին էին՝ 180 դոլար (սա Գազպրոմին ենք վճարում) և 150 դոլար (սա էլ վճարում ենք «Հայռուսգազարդին», որ գազը սահմանից հասցնի Հայաստանի ներսի սպառողին): Վերջնական գինը՝ 180 + 150 = 330 դոլար։ Եթե ուզում ենք եվրոպական գին ստանալ այս թիվն էլ պետք է բազմապատկել 1.27-ով (կալորիականության ստանդարտը տարբեր է): Հիմա հայտ է ներկայացվել նոր գնի՝ 530 դոլար (=221 հազար դրամի): Եվրոպական ստանդարտով՝ 673 դոլար։ Դատելով մամուլում եղած հրապարակումներից՝ նոր գնի ֆորմուլան է՝ 270 + 260 = 530։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է թանկացնել ինչպես «Գազպրոմին» վճարվելիքը (180-ից դառնում է 270), այնպես էլ «Հայռուսգազարդին» վճարվող մասը (150-ից դառնում է 260): Կրկնում եմ, սա ըստ մամուլի։ Պաշտոնական տեղեկատվություն չկա։ Հիմա, լավ, ասենք, ռուսները 90 դոլարով թանկացնում են սահմանի գինը։ «Հայռուսգազարդն» ի՞նչի է 110 դոլար էլ այդ 90-ի վրա ավելացնում։ Կարելի էր նույնիսկ գազի գին չբարձրացնել, եթե «Հայռուսգազարդը» մենաշնորհ չլիներ, և լիներ գազի մատակարարման ներհանրապետական կոնկուրենտ գին: Սրա հիմնական պատճառն այն է, որ «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը 95%-ով գազաֆիկացրել է երկիրը։ Թվում է, թե սա լավ է։ Բայց այդ գազաֆիկացված բնակավայրերի շուրջ կեսը գազ կամ չի օգտագործում կամ էլ օգտագործում է շատ քիչ։ Արդյունքում թանկանում է մատակարարման ինքնարժեքը», – գրել է Հրանտ Բագրատյանը։
Նա նշում է, որ այդ առումով յուրաքանչյուր նոր գազաֆիկացված գյուղ, որը վճարունակ չէ, բարդացնում է խնդիրը։
««Հայռուսգազարդ»-ի ղեկավարին ի՞նչ (թե նախկին, թե ներկա): Նրանք ուրիշի հարսով փեսուն լավություն են անում։ Համ էլ միշտ էլ շահագրգռություն կա անըդհատ ինչ-որ բնակավայր գազաֆիկացնելու հարցում (այդ աշխատանքների կապալառուներն իրենցն են): Անհասկանալի է ՀՀ կառավարության պահվածքը՝ 30% սուբսիդավորելու մասով։ Գուցե կառավարությունը փորձեր վիճարկել գոնե այդ 110 դոլարով լրացուցիչ թանկացման հարցը», – նշում է ԱԺ պատգամավորը։
Իր գրառման մեջ Բագրատյանն անդրադառնում է նաև Հայաստանում առկա էներգետիկայի ռազմավարությանը։ Նա նշում է, որ անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ առաջին իշխանությունները մտածել են դիֆերսիֆիկացնել էներգետիկ ռիսկերը:
«1995-ին ձեր խոնարհ ծառայի նախաձեռնությամբ ստորագրվել և ապա կառուցվել է (ավելի ուշ) իրանական գազամուղը։ Չգիտես ինչու, կառուցելիս Ռոբերտ Քոչարյանը ընտրեց նեղ խողովակի տարբերակը՝ 700 մմ։ Արդյունքում դրանով հնարավոր չէ բավարարել հանրապետության պահանջարկը։ Այնուամենայնիվ, ինչ-որ քանակություն դրանով կարելի է բերել և հավասարակշռել ռուսական գազի գինը։ Չգիտեմ թե ի՞նչու դա չի արվում։ Ասում են իրանական գազամուղը տրվել է «Հայռուսգազարդ»-ի հաշվեկշռին։ Նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդ»-ի պետ Կարեն Կարապետյանն իրեն չհասկացողի տեղ էր դնում և հայտարարում, թե դրա մեջ ի՞նչ կա որ։ Այ, էսօրվա օրը կա։ Ինչևէ, ես չգիտեմ, թե այս պահին ՀՀ-ն կարող է ինքնուրույն սուվերեն որոշումներ կայացնել Իրանից գազ բերելու ուղղությամբ», – եզրափակել է Բագրատյանը: