Home / Հայաստան / «Սպայկա» ընկերության շենքի հրդեհը մարվել է (թարմացվում է)

«Սպայկա» ընկերության շենքի հրդեհը մարվել է (թարմացվում է)

«Սպայկա» ընկերության շենքի հրդեհը մարվել է 14:30-ին:

13:15 «Սպայկա» ընկերության շենքի հրդեհը մեկուսացվել է 13:15-ի դրությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ այստեղ և այստեղ:

11:00 Փրկարարները պայթեցրեցին ամբողջ գիշեր վառվող «Սպայկա» բեռնափոխադրող խոշոր ընկերության շենքի արտաքին պատը, որպեսզի կարողանան մուտք գործել շենք և հանգցնել ներսում բռնկված կրակը: Պատը քանդելուց հետո հրշեջներն անմիջապես գտել են կրակի հիմնական օջախներից մեկը և շարունակել հրդեհի մարումը: Դեպքի վայրը շարունակում է ծխապատ մնալ, շենքից 20 մետր հեռավորության վրա գրեթե հնարավոր չէ կանգնել բարձր ջերմաստիճանի պատճառով: «Սպայկայի» շենքի մոտ են ժամանել ոչ միայն ԱԻ նախարարության ջրատարները, այլ նաև քաղաքապետարանի ջրատարները: Մարման ընթացքում օգտագործվում է նաև փրփրահեղուկ:

10:50 Epress.am-ի թղթակցի հետ զրույցում փրկարարներն ասել են, որ հրդեհի հետևանքով ոչ մի մարդ չի տուժել:

10:40 Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Արշակունյաց 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերության շենքի միայն արտաքին պատերն են մնացել: Տարածքը ամբողջովին ծխապատ է, շենքում հրդեհը դեռևս չի մարվել:

Դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ու հրեջների հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Քանի որ հրդեհը դժվար է մարել, որոշում է կայացվել պայթեցնել շենքը: Այս պահին մասնագետները պատրաստվում են պայթեցման գործողություններին:

10:10 Մայիսի 15-ին՝ կեսգիշերի մոտ, հրդեհ է բռնկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: 3 հարկանի շենքը վառվել է ամբողջ գիշեր: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից, հրշեջները շարունակում են աշխատանքները: Կեսգիշերին մոտ հարակից շենքերի բնակիչները պայթյուն են լսել: Այս պահին փլուզված են շենքի ներքին պատերը, ինչպես նաև վնասված են արտաքին պատերը:

09:30 Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, գիշերվա ընթացքում դեպքի վայր են մեկնել նախ չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա ևս երկու մարտական հաշվարկ: Երբ հրդեհի բարդության աստիճանը 2-րդից բարձրացվել է 3-ի, հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ևս չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև «Նաիրիտ» ընկերության պահպանության հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:

Մինչև առավոտ հրշեջները պայքարել են կրակի դեմ, իսկ նրանց օգնելու համար դեպքի վայր շարունակել են մեկնել մարտական հաշվարկները:

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Այս պահին դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: