Home / Հայաստան / Անդրեաս Գրոսսը Ալիևից հիասթափության, սև ձկնկիթի և Եվրոպայի թուլության մասին

Անդրեաս Գրոսսը Ալիևից հիասթափության, սև ձկնկիթի և Եվրոպայի թուլության մասին

Ադրբեջան մոտավորապես 30 այց կատարելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2001-2006թթ. համազեկուցող Անդրեաս Գրոսսը, հանուն այդ երկրում ժողովրդավարության, յոթ տարի առաջ դադարեցրել է իր գործունեությունը: Ադրբեջանում իր աշխատանքի առանձնահատկության, Իլհամ Ալիևի վերագնահատման, Բաքվի՝ պարտված պատերազմով արդարացումների, երիտասարդ ժողովրդավարների հանդեպ ունեցած հույսի և այլնի մասին Գրոսսը, ով այսօր ԵԽԽՎ անդամ է, պատմել է «Ազադլիգ» ռադիկայանին տված գրավոր հարցազրույցում:

Անդրեաս Գրոսսին Ադրբեջանի հարցով համազեկուցողի պաշտոնից հեռացնելու պահանջով այդ երկրի պատվիրակությունը ԵԽԽՎ-ի նախագահին դիմել էր դեռևս 2002 թվականին: 2005-ին Ադրբեջանի իշխանություններն սպառնում էին նրան երկիր չթողնել: Հայտնի է, որ մի տարի անց, իր գործընկեր Անդրես Հերքելի հետ Բաքու այցի ժամանակ, տեղական քաղաքական գործիչներից ոչ մեկը նրանց հետ չհանդիպեց: Նույն տարվա ամռանը Գրոսսը լքեց համազեկուցողի պաշտոնը:

«Ես չէի կարող պատկերացնել, որ իրադարձություններն այդպիսի ընթացք կստանային,- ասում է Գրոսսը: – Բայց կարծում եմ, որ այսօր իրավիճակն էլ ավելի ծանր է: Ավելի քիչ են հարգվում մարդու իրավունքները, քննադատները չնչին նկատողության համար հետապնդվում են»:

– Հունվարին՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ, Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը չընդունվեց: Դուք այն սակավաթիվ պատգամավորներից էիք, ովքեր քվեարկեցին զեկույցի ընդունման օգտին: Ի՞նչ կարող եք ասել Ձեր՝ համազեկուցողի պաշտոնը լքելուց ի վեր բանտարկյալների հարցերում առաջընթացի կամ հետընթացի, քվեարկության, հավաքների ազատության մասին:

– Նշանակում է՝ ռեժիմը դեռ շատ բան չի սովորել: Միակ տարբերությունը նրանում է, որ այս մեծ թերությունները մի քանի անգամ ավելի մեծ հասարակական արձագանք են առաջացնում, քան մի քանի տարի առաջ: Չնայած այն տարիներին Ադրբեջանում տեղի ունեցածի մասին իմացողների թիվն էլ էր փոքր:

– Արդյո՞ք Եվրոպայի խորհուրդն ու միջազգային կառույցներն ունեն ազդեցության ինչ-որ միջոցներ՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների իրականացմանը հասնելու համար: Որոշ քննադատներ այդ կառույցներին դատապարտում են փափուկ դիրքորոշման համար…

– Այդ կառույցներում կան մարդիկ, ովքեր գիտակցում են իրավիճակն ու փորձում մեծացնել ճնշումը: Սակայն այսօր մենք շատ թույլ ենք: Քչերն են դա հասկանում և ընկնում են Եվրոպայում ռեժիմի կողմից տեղադրված հաղորդակցական թակարդը:

– Երբ խոսք է գնում պարտավորություններից, պաշտոնական անձինք որպես արդարացում նշում են մոտավորապես միլիարդ փախստականների և հարկադրված վերաբնակիչների իրավունքների  խախտման մասին և բողոքում են Ադրբեջանի հանդեպ երկակի չափանիշների կիրառումից: Ձեզ նման մոտեցումը ձեռնտո՞ւ է: 

– Ամենևին էլ ոչ: Ուրիշների սխալները երբեք չպետք է սեփական սխալների համար առիթ հանդիսանան: Պարտված պատերազմ և Հայաստանի հետ չկարգավորված հակամարտություն՝ արդարացում մեծ անհաջողությունների և ռեժիմի սխալների համար: Նման վարքագիծը Ադրբեջանում չափազանց թույլ ժողովրդավարության ցուցանիշ է և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու խոչընդոտներից մեկը:  Այս արատավոր շրջանակը շատ մարդկանց համար հարուստ է ծանր հետևանքներով: Դա հաղթահարելու համար ամեն ինչ պետք է փորձել:

– 2005 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո Դուք ասում էիք՝ «Ամենավատ բանը, որ կարող էր լինել, արդեն եղել է: Ղեկավարությունն իր անպատասխանատու գործողություններով սպանում է մարդկանց՝ ժողովրդավարության հույսը: Երկրում արդեն ոչ ոք չի հավատում դրական փոփոխությունների հնարավորությանը»: Իսկ ի՞նչ եք այսօր կարծում:

– Այն ժամանակ ես չափազանց լավատես ու չափազանց վատատես էի: Չափազանց վատատես էի, քանի որ կարող էի ենթադրել, որ ամեն ինչ կարող էր ավելի վատանալ: Վատատես էի, քանի որ նման իրավիճակում հույս չունեի, որ երիտասարդ ժողովրդավարները ոտքի կկանգնեին և այդքան բարձր կխոսեին:

– Համազեկուցող լինելու սկզբնական շրջանում, Դուք ասում էիք՝ Իլհամ Ալիևն ավելի ժողովրդավար էր, քան իր հայրը, որ անհատներն ու իշխանության ներքին ուժերը նրան խանգարում էին բարեփոխումներ իրականացնել: Դուք հիմա է՞լ եք նույն կարծիքին:

– Ոչ: Ես Իլհամ Ալիևին գերագնահատել էի: Այսօր ես կարծում եմ, որ անգամ նրա հայրը մինչև 1999 թվականի նոյեմբերին մահանալը, այսինքն այն կարճ ժամանակահատվածի ընթացքում, որ ես հասցրի նրա հետ աշխատել, փորձում էր ավելի լավ արդյունքների հասնել: Հայրը երկրում քաղաքական զարգացում էր ուզում, իսկ որդին ավելի մեծ ուշադրություն է հատկացնում կյանքի հեշտ կողմերին և գործերը հանձնարարում նրանց, ովքեր ավելի շատ մտահագված են սեփական հարստացման ու իշխանության մասին: Սա ինձ համար մեծ հիասթափություն է, բայց 10 տարի առաջ վերաբերմունքս այլ էր:

– Ի՞նչ կարող եք ասել գործող նախագահի՝ պաշտոնի երրորդ ժամկետին թեկնածություն առաջադրելու մասին: Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխություններն անվանել է ժողովրդավարական հետընթաց:

– Ամբողջովին կիսում եմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը: Քաղաքական իշխանության հանդեպ Իլհամ Ալիևի վերաբերմունքը և նրա անձնական դիքորոշումը դրա վերաբերյալ կարելի է զզվելի համարել: 10 տարի առաջ ես միակ միջազգային դիտորդն էի, որ հետևում էի հանրաքվեին, որը համարվում է այս բոլոր փոփոխությունների սկիզբը և ճանապարհ է բացում իշխանության դինաստիական ծրագրի ներդրմանը (նկատի ունի 2002 թվականի հանրաքվեն): Այն ժամանակ միջազգային հասարակությունում մարդիկ դրան այդպես էլ մեծ ուշադրություն չդարձրին: Ցավոք, իմ բոլոր մտավախություններն իրականացան:

– Մի շվեյցարական թերթի հետ զրույցում ասել եք, որ 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները 1994 թվականից ի վեր Ձեր դիտարկած բոլոր ընտրություններից ամենավատն էին: Ո՞րն է Ադրբեջանում ազատ և արդար ընրությունների գլխավոր խոչընդոտը:

– Գոյություն ունի վերջին հարյուրամյակի համընդհանուր և գլոբալ դասը՝ ժողովրդավարությունը շատ դժվար է առաջ տանել այնտեղ, որտեղ ժողովրդավարություն կառուցելուց առաջ հայտնաբերել են նավթի հարուստ պաշարներ: ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում և այլ երկրներում ժողովրդավարությունը տարիքով նավթից մեծ է: Հարստություն լինելով՝ նավթը իշխանության մոտ ժողովրդավարական արժեքների նկատմամբ ցինիկ վերաբերմունք է առաջացնում, և, այդպիսով, ժողովրդավարությանն ուղարկում զարգացման ծանր ճանապարհով:

Այսօր Ադրբեջանում հիմնարար իրավունքները (հավաքների, խոսքի ազատություն, ազատ մամուլ, անկախ դատարան) չեն հարգվում: Այդ պատճառով էլ բարդանում է ժողովրդավարության թե սկիզբը, թե զարգացումը:

– Ձեր՝ համազեկուցող լինելու տարիների համեմատ, այսօր Եվրոպայի խորհրդից ավելի քիչ քննադատություններ են հնչում: Անցյալ տարի «Ձկնկիթային դիվանագիտություն» գիտական-արտադրական միավորումի զեկույցում նշվում էր, որ իշխանությունները թանկ նվերներով «փակել են Եվրոպայի խորհրդի բերանը»: Դուք համաձա՞յն եք նման հայտարարությունների հետ:

– Ոչ այնքան: Ձկնկիթային դիվանագիտությունը մի տարր է, որ գործում է իմ գործընկերների փոքր թվի վրա: Ավելի կարևոր է շատերի անտարբերությունը: Հարցն այն է, որ նրանք ի վիճակի չեն վերջ դնել նավթի պաշարներ մատակարարող ռեժիմներից կախվածությանը: Վերջին տարիներին Եվրոպայի խորհրդի՝ իր ուսերին հավաքած բեռն ավելին է, քան այդ կազմակերպությունը կարող է կրել: Ադրբեջանի ժողովուրդն այս բեռի և մեր՝ այն կրելու անընդունակության զոհերից մեկն է:

– Իսկ համազեկուցող լինելու տարիներին Ձեզ նվերներ առաջարկե՞լ են:

– Հաճախ փոքր նվերներ էի ստանում: Ձկնկիթի տարաները սովորաբար օգնականներիս էի տալիս: Որպես պատասխան նվեր ես նրանց իմ գրքերն ու նկարներն էի տալիս: Բայց անձնական հարաբերությունների բարելավմանը նպաստող նվերները չպետք է վնասեն քաղաքական պարտավորություններին և աշխատանքին: Այսպես պետք է վարվեին բոլոր նրանք, ովքեր աշխատում էին ինձ հետ: