Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստ 22-ամյա Սպիտակի բնակիչ Միհրան Մելքոնյանը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դասալքության համար, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը: Հիշեցնենք, որ Մելքոնյանը աջակցում է քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին:
Ոստիկանությունը նշում է, որ «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքում:
«Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ «Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել է դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել»:
Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին: