Կոմիտաս 5 հասցեում այսօր առավոտյան վերսկսվել են շինարարական աշխատանքները: Դրանք դադարեցվել էին նախորդ շաբաթվա ընթացքում բնակիչների և ակտիվիստների ակցիաներից հետո: Այսօր շինտեխնիկայի մուտքը դեպի շինհրապարակ փորձել են կասեցնել հարակից շենքերի բնակիչները, ովքեր պայքարում են շինարարության դեմ: Այս անգամ շենքի բնակիչների թիվը քիչ էր և նրանց, ի տարբերություն նախկին ակցիաների, մեծ քվով քաղաքացիական ակտիվիստներ չէին եկել սատարելու:
Մի քանի կին կանգնել են դեպի շինհրապարակ տանող դարպասի մոտ, իսկ նրանցից մեկն անգամ գետնին է նստել, սակայն ոստիկանները, ուժ կիրառելով, հեռացրել են բողոքողներին դարպասի մոտից: Տարեց կանանցից մեկի՝ 87-ամյա Էմմա Արիստակեսյանի սիրտը վատացել է, դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենայի բժիշկը ասել է, որ Արիստակեսյանին պետք է հիվանդանոց տեղափոխել: Ըստ նրա՝ սրտի բուժզննումը ցույց է տվել, որ կինը նախկինում չի ունեցել սրտի հետ խնդիրներ, նույնիսկ նախաինֆակտային վիճակ:
Բնակիչների հետ ակցիային մասնակցող ակտիվիստ Անուշավան Պետրոսյանին մոտեցել է շինարարության մեքենաներից մեկին և, վերցնելով բանալին, այն դուրս է նետել՝ խոչընդոտելով մեքենայի մուտքը շինհրապարակ: Այդ պահին ակտիվիստին են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք ու սպառնացել են ծեծել, եթե Պետրոսյանը չդադարեցնի իր գործողությունները: Epress.am-ի թղթակիցը հարցրել է սպառնացողներին, թե ովքեր են նրանց, ինչին վերջիններս պատասխանել են. «Ուղղակի նայում ենք»:
Ավելի ուշ նրանցից մեկը ասել է, որ ինքը բնակիչ է, բնակարան ունի և՛ Կոմիտասի 3ա, և Կոմիտաս 7 շենքում և պատրաստվում է բնակարան գնել նաև նոր կառուցվելիք շենքում: Նրա խոսքով՝ շինարարությունը անօրինական չէ, ինչպես պնդում են բնակիչները, քանի որ Կոմիտաս 3 շենքը խորհրդային տարիներին կառուցվել է մի նախագծով, որը ենթադրում է շենքի շարունակություն կառույցի ստեծում, ուղղակի դա կառուցել ժամանակին արգելել է բակում գտնվող ենթակայանը:
Երբ լրագրողները փորձել են սպառնացողներից մեկից հարցազրույց վերցնել, ոփստիկանների գործողությունները ղեկավարող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հորդորել է նրանց մեծ աղմուկ չբարձրարցնել:
Երբ ոստիկանները դարպասի մոտից հեռացրել են բոլոր բողոքողներին, շինտեխնիկան մուտք է գործել և սկսել հողային աշխատանքները: