Խոտի դեզի այրման փաստի առթիվ հարուցված գործով ամբաստանյալներից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի պաշտաններ Մկրտիչ Դավթյանը և Էդուարդ Աղաջանյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել են նախաքննական մարմինների՝ Արմավիրի ոստիկանության և դատախազության կողմից թույլ տրված խախտումների մասին:
Փաստաբանները կարծիք են հայտնել, որ քննչական մարմնի ներկայացուցիչներն էլ գիտեն, որ գործում հանցակազմը բացակայում է, սակայն նրանք չեն հրաժարվում մեղադրանքից՝ խուսափելով սխալ քննության համար պատասխանատվության ենթարկվելուց:
«Մեղադրող կողմն ավելի շատ համաձայն կլինի, որ դատարանն արդարացման դատավճիռ կայացնի, քան ինքը՝ դատախազը, հրաժարվի մեղադրանքից»,- ասել է Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ խոտի դեզը այրելու մեղադրանքով ձերբակալվել են Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը և նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը:
Փիլոյանի պաշտաններից Դավթյանը պատմել, որ իր պաշտպանյալին խոշտանգել են Ձերբակալվածների պահման վայրում՝ ստիպելով խոստովանական ցուցմունք գրել: Ըստ պաշտպանի՝ Փիլոյանը ունեցել է կապտուկներ ձեռքերին, մեջքին ու վերք գլխին, ինչը քննիչ Աշոտ Մարտիրոսյանի կողմից ծեծի ենթարկվելու հետևանք է եղել:
Ինչևէ ՀԾՔ-ում հրաժարվել են գործ հարուցել խոշտանգումների փաստի առթիվ: Ըստ փաստաբանի՝ իրենք չեն բողոքարկել որոշումը, քանի որ ամբաստանյալը վախենում էր, քանի որ գտնվում էր կալանավայրում բռնության ենթարկվելու նոր վտանգի տակ:
Դավթյանի խոսքով՝ քննիչը հորդորել է Փիլոյանին չհայտնել ծեծի մասին պաշտպանին:
«Ստե ես եմ տերը, ուզած ժամանակ կմտնեմ խուց, քեզ կկախեմ, կասեմ՝ դու ես կախվել, ինձ ավելի շատ կհավատան», – քննիչի խոսքերը մեջբերել է փաստաբանը:
Փաստաբանները պատմել են, որ չորս տղաների դեմ ի սկզբանե առաջադրվել էր մեղադրանք ուրիշի գույքը ոչնչացնելու փորձի հիմքով, հետո կալանքի որոշում կայացնելու օրը արարքը որակել էին որպես խուլիգանություն: Ըստ Աղաջանյանի՝ հոդվածի փոփոխությունը պատահական չի եղել, այլ պայմանավորված է եղել կալանք կիրառելու ցանկությամբ, քանի որ ուրիշի գույքի վնասման փորձի առթիվ կալանք չի կիրառի, առաջ է բերվել խուլիգանության հոդվածը:
Պաշտպանները բազմիցս միջնորդել են նաև կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար, ինչը դատարանը հրաժարվում է անել:
«Կալանքը ճնշման միջոց է, և այդ խափանման միջոցը միայն փոխվել է Քլյանի հանդեպ, որը դատարան նիստվում վատացել է և բժշկական քննությունը ցույց է տվել, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Ուրեմն մարդը պետք է շատ վատանա, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի»,- ասել է Աղաջանյանը:
Ժամանակի ընթացքում փոխվել է ոչ միայն մեղադրանքի ծավալը, այլև վկաների և տուժողի ցուցմունքները: Տուժող Սիաբանդ Խուդոյանը հունվարին երեք անգամ հաղորդում է տվել և ամեն անգամ նշել, որ ինքը որևէ վնաս չի կրել: Միայն վեց ամիս անց է տուժողը բարձրաձայնել վնասի մասին, սակայն այդ ցուցմունքը ևս դատարանում փոխել է: Գործով ներգրավված վկաները ևս իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող բաներ են սկսել ասել դատավարության փուլում:
Ըստ փաստաբան Աղաջանյանի՝ անհավանական է, որ հարևանները դիմեին ոստիկանությանը՝ ասելով, որ ինչ-որ մեկի գործողությունները իրենց վտանգավոր են թվում այդ գործողություններից վեց ամիս անց: «Եթե վտանգ զգային, կդիմեին հենց այդ ժամանակ», – ասել է Աղաջանյանը:
Փաստաբանները մեծագույն խախտումը համարում են այն, որ տղաներին կալանքի ենթարկելը և ապացույցների ձեռքբերումը տեղի է ունեցել անօրինական կերպով, քանի որ համապատասխան որոշումները կայացվել են այն ժամանակ, երբ քննության երկամսյա ժամկետն ավարտված էր, և քննիչը չէր դիմել ժամկետը երկարացնելու համար: Այժմ փաստաբանները պահանջում են 25 օրում ստացված ապացույցները անօրինական և անթույլատրելի ճանաչել և գործը կարճել, սակայն դատարանը հետաձգել է այդ հարցի քննարկումը: