Փակ շուկայում ընթացող շինարարության դեմ բողոքողների ու շուկան որպես «Երևան սիթի» սուրպերմարկետ վերաբացելու կողմնակիցների կողմից այսօր անցկացվող երկու բողոքի ակցիայի սցենարները գրեթե ոչնչով չէին տարբերվում նախկինում անցկացվող ակցիաներից՝ երկու հակամարտող կողմերը կանգնում են տարբեր մայթերին, բացում պաստառները, կոչեր հնչեցնում:
Բացառությունը նոր «ձևավորումն» էր՝ շուկայի մայթի նորացված սալաքարերը, շենքի ոսկեգույն ներված ճաղավանդակները ու շուկայի նորացված սրահը։
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնք այսօր երթով շարժվել են դեպի Փակ շուկա, ժամը 16։00-ին մեկնարկել են Մաշտոցի պուրակից, անցել Հանրապետության հրապարակով՝ ողջունելով Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկներին, ապա անցել քաղաքապետարանի կողքով ու հասել Փակ շուկա, որի դիմացի տարածքը նախօրոք զբաղեցրել էին Փակ շուկայի շենքի սեփականատեր, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները։
Մինչ ակցիայի մեկնարկը, մեր թղթակիցը այցելել է շուկայի տարածք, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն համեմատաբար անմարդաշատ թվացող տարածքում միանգամից հայտնվել են մի խումբ երիտասարդներ և, մոտենալով լրագրողին, խոչընդոտել են նրա աշխատանքը։
Երիտասարդներից մեկը, ով չի ներկայացել, արգելել է շուկայի մուտքը պատնեշների արանքից նկարահանող մեր թղթակցին աշխատել, այնուհետ երկու ակտիվիստ կանայք են մոտեցել ու հարցրել՝ «ինչի՞ եք նկարում որ»։
Երբ Epress.am-ի թղթակիցը պարզաբանել է, թե իրականացնում է իր աշխատանքը, կանայք ու երիտասարդները բղավել են՝ «չփորձվես նկարես, գնա այ ընդեղ նկարի»՝ ցույց տալով դիմացի մայթը։
Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանը չի միջամտել, միայն խորհուրդ է տվել լրագրողին բողոք ներկայացնել ոստիկանական բաժանմունք:
Այդ ընթացքում շուկայի ներսում շինարարություն իրականացնողները կտորով փակել են շուկայի գլխավոր մուտքը։
Արդեն 16:30-ի սահմաններում շուկայի տարածք են խմբերով ժամանել Ալեքսանյանի համակիրները:
Նրանցից մի քանիսի ցուցումներով տանիքից իջեցվել և պատին է ամրացվել «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամներ Գարեգին Չուքասզյանի ու Կարո Եղնուկյանի նկարով պաստառը, և այն ակցիայի ամբողջ ընթացքում մնացել է պատին ամրացված։ Պաստառի վրա գրված է. «Ո՛չ գրանտակերներին, ո՛չ վարձու ընդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղի ստեղծմանը» (ուղղագրությունը պահպանված է – խմբ.)»
Կանանցից մեկը մեր թղթակցին ասել է՝ «հեսա էն թշնամիները գալու են, դու տես, թե դրանց գլխին ինչ ենք հանելու», իսկ թե կոնկրետ ինչ են անելու՝ չի մանրամասնել։
17:00-ի սահմաններում երթի մասնակիցները եռագույն դրոշներով, իսկ նրանցից շատերը նաև դեղին գլխարկներով մոտեցել են Փակ շուկայի դիմացի մայթին:
Ալեքսանյանի համակիրները դիրքավորվել են շուկայի մուտքի դիմաց, պարզել են իրենց պաստառները, սկսել են սուլել ու բղավել՝ «բացում, բացում», «հեռացեք»։
Դիմացի մայթին ակցիա անցկացնող ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշել է, թե իրենք ոչ մի խնդիր չունեն Ալեքսանյանի ու նրա «սիթիների» դեմ, խնդիրը մշակույթը, ճարտարապետությունը չաղավաղելն է։
Ալեքսանյանի կողմնակիցների տարատեսակ բղավոցներին ուշադրություն չդարձնելով՝ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները շարունակել են իրենց ակցիան, որն ուղեկցվել է «Խազեր» երգչախմբի կատարումներով։
«Այն կողմի ու այս կողմի մարդկանց կոնտրաստը շատ լավ երևում է, դիմացի մարդկանց մոտիվացիան բոլորին է պարզ։ Խորհրդանշական է, որ երթի ընթացքում տեսանք, թե ինչպես են «Երևան-սիթի»-ի բեռնատարով բերում այս մարդկանց մի մեծ խմբի։ Զարմանալին այն է, որ այս մարդիկ կորցրել են իրենց դեմքը ու պատրաստ են բեռնատարով գալ ակցիայի, սա խայտառակություն է», – ասել է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։
Ավելի ուշ շուկայի ապօրինությունների դեմ բողոքողները երթով հեռացել են, որից հետո տարածքը լքել են նաև Ալեքսանյանի համակիրները։