Այսօր գլխավոր դատախազության դիմաց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով կազմակերպող ամենաշաբաթյա ակցիային միացել են նաև մայիսից ակցիաներ անցկացնող ազատամարտիկները՝ ստորագրելով Տիգրանին ազատ արձակելու պահանջը: Այս քայլը ողջունել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ տարբեր խնդիրները՝ ազատամարտիկների պայմանների բարելավման, բանակում զոհվածների դեպքերի բացահայտման, վճարովի կայանատեղերի դեմ, չեն կարող լուծվել առանձին-առանձին, քանի դեռ հասարակությունը չի միավորվել և ներկայիս իշխանությունը չի հեռացվել:
Ակցիայի ժամանակ շարունակվել է Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքը, որի արդյունքները ևս ներկայացվելու են Վերաքննիչ դատարան՝ հաջորդ դատական նիստին: Հիշեցնենք, որ հայտնի հասարակական գործիչների կողմից ստորագրված 100-ից ավելի երաշխավորագրերը դատարանը հաշվի չառավ և երրորդ անգամ մերժեց Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Ակցիայի մասնակիցներըն ասել են, որ հաջորդ քայլը լինելու է հարցի միջազգայնացումը: ՀԱԿ-ը դիմելու է միջազգային կառույցներին, ՀՀ-ում տարբեր երկների դեսպանատներին՝ խնդրելով հետամուտ լինել խնդրի լուծմանը և իշխանություններից պահանջել ազատել քաղբանտարկյալին:
Այսօրվա ակցիայի ժամանակ Արամ Մանուկյանը նաև անդրադարձել է գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրմանը: Ըստ Մանուկյանի՝ իրենք մեծ ակնկալիքներ չունեն, որ Գևորգ Կոստանյանը ինչ-որ բան փոխելու է համակարգում:
Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ խմբակցությունը Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է հետևյալ հարցերը. Մարտի 1-ի զոհերի գործեր, քաղբանտարկյալների գործեր, Տիգրան Առաքելյանի գործը, Հնչակյան կուսակցության խնդրի վերանայում, 95% դեպքերում կալանքը՝ որպես խափանման միջոց կիառելու պրակտիկայի վերացում և կոռուպցիայի դեմ պայքար:
«Ամենևին հույս չունենք, որ այս խնդիրները նա լուծելու է: Մենք պատրանք չունենք, որ այս երկրում կարող է հայտվել մի դատախազ ու այդ հարցերը լուծել: Քաղաքավարությունից ելնելով ենք այդ հարցերը բարձրացրել և պայմանավորվել ենք այդ հարցերի պատասխանները ստանալ կարճ ժամանակահատվածում»,- ասել է Մանուկյանը: