Home / Հայաստան / Ռուսամետ Հայաստանին պետք է տարածաշրջանում ԱՄՆ-ի հզոր ներկայությունը. Ռիչարդ Վայց

Ռուսամետ Հայաստանին պետք է տարածաշրջանում ԱՄՆ-ի հզոր ներկայությունը. Ռիչարդ Վայց

ԱՄՆ-ի որոշումն այն մասին, որ մինչև հաջորդ տարվա հուլիս ամերիկյան բոլոր զորքերը կլքեն Ղրղզստանի Մանաս ավիաբազան, կարող է ուժեղացնել Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տպավորությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդմիշտ լքում են այս տարածաշրջանները: Այս մասին ամերիկյան World Politics Review կայքում գրում է խմբագիր, Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռիչարդ Վայցը:

Նրա կարծիքով՝ Կենտրոնական Ասիայում գտնվելով՝ ԱՄՆ-ն օգնել է թուլացնել տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ տիրապետությունը, որը ձևավորվել է վերջին քսան տարիների ընթացքում:

«Հարավային Կովկասը կարծում է՝ Վաշինգտոնը հակակշիռ է ստեղծում Ռուսաստանի ու Իրանի ազդեցությանը, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ի վնաս մյուս երկրների շահերի: Մանասից հեռանալու որոշումը կուժեղացնի պատկերացումն այն մասին, թե Միացյալ Նահանգները չեն ցանկանում պահպանել հզոր ռազմական ներկայությունը Եվրասիայում, որը ստեղծվել էր Աֆղանստանում ու Իրաքում պատերազմների ավարտի հետ կապված»:

Վայցը նշում է, որ Հյուսիսային Կովկասում արևմտամետ ուժերը մտավախություն ունեն, որ Միացյալ Նահանգները չեն պաշտպանելու իրենց ռուսաստանյան հզոր ճնշումից, իսկ Արևմուտքի ու Իրանի հաշտեցման դեպքում, նաև Իրանի փոխհատուցումից՝ Թեհրանի դեմ պատժամիջոցներն աջակցելու համար: «Հայաստանին, որն առավել ռուսամետ քաղաքականույուն է վարում, քան Ադրբեջանն ու Վրաստանը, նույնպես անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ-ի հզոր ներկայությունը՝ Մոսկվայի ու Թեհրանի վրա ազդեցության ավելի շատ լծակներ ունենալու համար»,- գրում է հեղինակը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, նվազագույն վերապահումներով, կարող են վերացնել այդ մտահոգությունը՝ ընդլայնելով ջանքերը Հարավային Կովկասի այսպես կոչված «սառեցված» հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ: «Այս հակամարտություններն ուժեղացնում են տարածաշրջանում ռուսաստանյան ու իրանական ազդեցությունն ու անկառավարելի տարածքներ են ստեղծում, որոնցից օգտվում են ապօրինի զենք վաճառողներն ու այլ միջազգային հանցավոր խմբավորումները: Մասնավորապես, Օբամայի ադմինիստրացիան պետք է ընդլայնի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչը կօգնի կանխել ամերիկյան շահերի վնասը Եվրասիայում անվտանգության ու էներգետիկայի ոլորտներում, որն անկասկած կգրանցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի դեպքում»:

«Ընդհանուր առմամբ, սակայն, ամերիկացիների համար հեշտ չի լինի հանգստացնել այդ տարածաշրջանում իրենց ընկերներին: Հարավային Կովկասի՝ եվրոատլանտյան անվտանգության ճարտարապետությանն ավելի սերտ ինտեգրվելու ջանքերը, ամենայն հավանականությամբ, հասել են իրենց գագաթնակետին: Իսկ Կենտրոնական Ասիան, իր թանկարժեք էներգառեսուրսներով, այնքան էլ գրավիչ գործընկեր չէ՝ մարդու իրավունքների խախտման ու պետական կառավարման թերությունների պատճառով: Մանաս բազայի փակումը, հավանաբար, կազդարարի այս տարածաշրջաններում ԱՄՆ-ի՝ արհեստականորեն բարձրացված հետաքրքրության նվազման մասին:

Մնում է միայն հուսալ, որ Վաշինգտոնը չի կրկնի իր սխալներն ու ամբողջությամբ չի անտեսի այդ տարածաշրջանները` մինչև այդտեղ նոր հրատապ ու անվտանգության սուր խնդիրների առաջանալը»,- եզրափակել է Վայցը: