Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ազգայնական եղբայրների նկատմամբ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը, բացի դա, համաներում է կիրառել նրանց նկատմամբ:
Այսօր Վերաքննիչ դատարանում կայացել է «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարի պայթեցման գործով բողոքի վերջին դատական նիստը:
Դատավոր Մանուշակ Պետրոսյանը մերժել է տուժող կողմի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, համաձայն որի բարը հրկիզած ազգայնական եղբայրները՝ Արամեհ և Համբիկ Խաբազյանները, դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալների նկատմամբ կիրառել է համաներում: Հիշեցնենք, որ դեռևս առաջին ատյանի վճռից հետո տուժող կողմը կարծիք էր հայտնել, որ դատարանի վճռով մեղադրյալների նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ է սահմանվել:
«Ամբաստանյալների կատարած արարքը մարդու իրավունքների տեսակետից հանդիսանում է ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Չնայած ՀՀ քրեական օրենսդրությունը չի նախատեսում ատելության հիմքով հանցագործության տեսակ, սակայն հնարավորություն ուներ, կիրառելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը, սահմանել խիստ պատիժ՝ դրանով իսկ կանխարգելելով հոմոֆոբիայի, ատելության և խտրական վերաբերմունքի սերմանումը»,- ասված էր վերաքննիչ բողոքի մեջ: Դատարանը, սակայն, այլ որոշում է կայացրել:
Ավելի վաղ վճռի առնչությամբ մտահոգություններ էին հայտնել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, դատավարությանը հետևող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշել էր, որ դատարանը «հաշվի չի առնում, որ դա հստակ տեռորիստական ակտ էր՝ ուղղված փոքրամասնություների դեմ»:
Նշենք, որ DIY-ի պայթեցումից հետո ազգայնական խմբերի կողմից հարձակումները բարի վրա շարունակվել են, և Օգանեզովան ստիպված է եղել փակել բարը ու լքել Հայաստանը: