Այսօր ԱԺ-ում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը ընթացել է ռուսերեն լեզվով՝ առանց միաժամանակյա թարգմանության, ինչը վրդովվեցրել է որոշ պատգամավորների: Aravot.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է` պահանջելով, որ նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանություն: Նա հիշեցրել է, որ, Սահմանադրության համաձայն, ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, ու մանավանդ, որ նիստն ընթանում է ՀՀ ԱԺ-ում, պարտադիր է, որպեսզի համաժամանակյա թարգմանություն ապահովվի: Քոքոբելյանը նաև հայտարարել է, որ ինքը մեծ հարգանք ունի ռուսերեն լեզվի նկատմամբ և այդ լեզվով հաղորդակցվելու որեւէ խնդիր չունի, սակայն, հարգելով ՀՀ Սահմանադրությունն ու ինքն իրեն, խոսելու է հայերենով: Նիստը վարող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, որ Քոքոբելյանի ելույթը կթարգմանվի:
Ընդմիջման ժամանակ պատգամավորը լրագրողներին պատմել է, որ նիստին շատ կարևոր խնդիր է հնչեցրել:
«Ինձ համար տարօրինակ էր, որ արդեն պատրաստի փաստաթղթում, որտեղ խոսվում է տարածաշրջանային մարտահրավերների և մասնավորապես Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, նշվել են Սիրիան, Իրանը, Աֆղանստանը և այլ հակամարտություններ, սակայն նշված չէ Աբխազիայի հարցը՝ ռուս-վրացական հակամարտության համատեքստում, Օսիայի հարցը և ղարաբաղյան հարցը, որոնք տարածաշրջանում լուրջ մարտահրավերներ են», – Քոքոբելյանի խոսքերն է փոխանցում News.am-ը:
Պատգամավորն առաջարկել է հարցը ներառել փաստաթղթում:
«Համաձայն 1997թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված Բարեկամության և համագործակցության համաձայնագրի երրորդ կետի՝ կողմերը պարտավորվում են հնարավոր բոլոր միջոցներով նպաստել խաղաղության կայացման ու լարվածության թուլացմանը: Սակայն բոլորովին վերջերս Ռուսաստանն Ադրբեջանին ավելի քան 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, այս առումով պարզ չէ, թե հատկապես ինչով է Ռուսաստանը նպաստում սպառազինման կրճատմանը: Ավելին, տարածաշրջանի լարվածությամբ պայմանավորված եւ ելնելով ՀԱՊԿ-ի բովանդակությունից, Կազմակերպության անդամներն անհանգստանալու տեղ ունեն, քանի որ ՀԱՊԿ-ը բովանդակային առումով չի կարող լուրջ ընկալվել, եթե զենքի վաճառքի փաստը ներկայացվում է որպես բիզնես-ծրագիր»:
Քոքոբելյանի կարծիքով՝ ՀԱՊԿ ԽՎ հայաստանյան պատվիրակները պետք է հետևողական լինեն այս հարցերում եւ հասնեն դրանց քննարկմանն ու քաղաքական գնահատականին:
Լուսանկարը՝ Pastinfo.am