Home / Հայաստան / Հայտնի սփյուռքահայերին մտահոգում է Հայաստանում նույնասեռականների դեմ տարվող քաղաքականությունը

Հայտնի սփյուռքահայերին մտահոգում է Հայաստանում նույնասեռականների դեմ տարվող քաղաքականությունը

Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ հայտնի հայեր միացել են Հայաստանում բոլոր մարդկանց համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Հայտարարության հեղինակների մտահոգությունը առաջացրել էր Ոստիկանության կողմից առաջարկված նախագիծը, որով մտադրություն կար «Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում հոդված ավելացնել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության մասին»:  

Հայտարարությանը միացել են 20-ից ավելի մտավորականներ, մասնավորապես, բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը:

«Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է», – ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Գրող Նենսի Ագաբյանն էլ, իր հերթին, նշել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»:

«Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի, որը ձևավորվել է Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից», – ասված է հայտարարության մեջ: