Home / Տեսանյութեր / Բուդաղյանների ընտանիքի փաստաբանի երեք բողոքները մեկ դատավոր կքննի

Բուդաղյանների ընտանիքի փաստաբանի երեք բողոքները մեկ դատավոր կքննի

Դատավոր Լևոն Ավետիսյանը նպատակահարմար է համարել, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի բերած երեք բողոքները քննվեն նույն դատավորի մոտ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նման հայտատարություն է արել այսօր բողոքներից մեկի քննման ժամանակ: Նշենք, որ այսօր քննվող բողոքը վերաբերում էր քննիչ Ալեքսան Ղազարյանի այն որոշմանը, որով վերջինս ապացուցված է համարել, թե Ավետիք Բուդաղյանը կատարել է առանձնակի ծանր հանցագործություն՝ սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ վերջինս մահացել է: Հիշեցնենք, որ տան մոտ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, և Սուրիկ Խաչատրյանի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը:

Քննչական մարմնի մյուս երկու որոշումները, որոնք Ալումյանը բողոքարկում է, վերաբերում են քննիչի որոշմանը կալանքից ազատել Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և  թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին: Ըստ Ալումյանի՝ վերջին երկու որոշումները բխում էին առաջին որոշումից, քանի որ, քննիչը, առաջին որոշմամբ համարելով, որ Բուդաղյանն է սպանության փորձ կատարել, մյուս որոշումներում ապացուցված է համարել, որ կալանավորվածները ընդամենը ինքնապաշտպանվել են:

Այսօրվա նիստին Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով, որ քննիչը դատարան բերի իր բողոքին առնչվող բոլոր նյութերը, այսինքն՝ ամբողջ 8.5 հատոր գործը:  Հիշեցնենք, որ  նախորդ նիստին քննիչը դատարն էր ներկայացրել իր ընտրած 189 էջը:

Ալումյանի միջնորդությունը դատավորը չի քննել՝ որոշելով բողոքի քննությամբ չզբաղվել, այլ այն փոխանցել դատարանի նախագահին, որպեսզի վերջինս դեպքի նախաքննությանն առնչվող բոլոր երեք բողոքները մի դատավորի հանձնի: