Home / Տեսանյութեր / Դատարանն արգելել է Կոմիտասի 5-ում շինարարական աշխատանքներ իրականացնել

Դատարանն արգելել է Կոմիտասի 5-ում շինարարական աշխատանքներ իրականացնել

Երեկ Վարչական դատարանը որոշում է կայացրել արգելել «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնել: Այս մասին Еpress.am-ի թղթակցին պատմել է Կոմիտաս 5ա շենքի բնակչուհի Նելլի Ոսկանյանը:

Կոմիտաս 5-ում շինարարության դեմ պայքարող Ոսկանյանն ասել է, որ դատարանը հիմնավորված է համարել Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի բնակիչների միջնորդությունը և որոշել է  մինչ  դատական  ակտի  օրինական ուժի մեջ մտնելը արգելել «Լիբեր» ՍՊԸ-ին գործողություններ իրականացնել: Նշենք, որ բնակիչները միջնորդել էին դադարեցնել շինարարությունը մինչ այն պահը, երբ դատարանը դրա օրինականության վերաբերյալ որոշում կկայացնի: Դատաքննությունը կկայանա նոյեմբերին:

«Մենք մասամբ հաղթեցինք, այս պահին բնակիչները համարում են, որ հաղթանակ են տարել, թեև վերջնական որոշումը կայացվելու է նոյեմբերի վերջին: Կարծում ենք, որ վերջնական հաղթանակը մերն է լինելու, քանի որ կառուցապատողը ներկա պահին ոչ նախագիծ ունի, ոչ էլ օրինական փաստաթղթեր», – ասել է մեր զրուցակիցը:

1komitas

Նրա խոսքով՝ թեև որոշումը ենթակա է անհապաղ կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման  մասին» ՀՀ օրենքով, Կոմիտասի 5-ում այս պահի դրությամբ շինարարությունը շարունակվում է:

«Այսօր առավոտյան զանգել եմ ոստիկանություն և հայտնել, որ շինաշխատանքները չեն դադարեցվել, ոստիկանները եկան, սակայն ոչինչ չարեցին՝ ոստիկանությունը, ինչպես միշտ, նրանց կողմից է: Երկրորդ անգամ զանգեցինք ոստիկանություն, պատասխանեցին, թե կգան, ու չեկան», – ասել է Նելլի Ոսկանյանը: