Այսօր՝ 19.30-ի սահմաններում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի երթի մասնակիցներին աջակցելուն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ:
Նրանք որոշում էին՝ որտեղ շարունակել բողոքի ակցիան՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի՞ մոտ, որտեղ նոյեմբերի 5-ի երեկոյան բռնության էին ենթարկվել ձերբակալվածները, թե՞ Ձերբակալվածների պահման վայրի մոտ, որտեղ այս պահին գտնվում են Հարությունյանն ու նրա աջակիցները: Ի վերջո, խումբը որոշել է երթ կազմակերպել դեպի Հատուկ քննչական ծառայության շենք, ուր պետք է բերեին 5 ձերբակալված քաղաքացիների՝ հարցաքննության: Երթի մասնակիցների թվում էին նաև ձերբակալվածների հարազատները, ովքեր ցանկանում էին իրենց մտերիմներին հորդորել ցուցմունք չտալ առանց փաստաբանի ներկայության:
Ոստիկանության աշխատակիցներն ուղեկցել են երթի մասնակիցներին, սակայն ՀՔԾ-ի շենքի մոտ նրանց թույլ չեն տվել կանգնել մուտքի դիմած: Ոստիկանները պատճառաբանել են, թե շենքը ռազմավարական օբյեկտ է: Շուտով շենքի մոտ է ժամանել մի մեքենա, որում կարմիր բերետավորներ են եղել:
Ակցիայի մասնակցիները համաձայնել են մի փոքր հեռու կանգնել ու չփակել շենքի մուտքը: Ձերբակալվածների հարազատներին չի հաջողվել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում: