Երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել և մինչև գիշեր՝ ժամը 02:00-ն, դռնփակ դատական նիստեր են ընթացել նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի երթի մասնակիցների գործերով:
Դատարանը որոշում է կայացրել ձերբակալված քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանել, հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները միջնորդություններ էին ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վարդան Վարդանյանի, Անուշավան Գրիգորյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի և Ալբերտ Մարգարյանի նկատմամբ:
Դատավորներ Մխիթար Պապոյանն ու Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստերի ըթնացքում բավարարել են քննչական մարմնի միջնորդությունը, ինչից հետո ձերբակալվածները տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին, քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու նաև Շանթ Հարությունյանի և մյուս ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ոստիկանները, ուժ կիրառելով, ձերբակալել են 38 քաղաքացու, որոնցից 18-ին հետագայում ազատ են արձակել: