հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացրեցին նախագահականի մոտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացրեցին նախագահականի մոտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:

Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:

Epress.am-ի թղթակիցը վերջին պահին հասցրել է նկարահանել Խուդոյանին տարածքից հեռացնելու պահը: Շտապ օգնության մեքենայի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես արագ հեռացել են: Այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով չի ներկայացել, Epress.am-ի հարցին, թե ինչու են ակցիա անող տղամարդուն հեռացրել, ասել է, որ «վնասվածք ուներ, ուզում էին զննեն, ինքը չէր ուզում, իրա պռոշները ուռել են, դրա համար տարան»:

Հավաքված մարդիկ դեռ երկար շարունակել են ամոթանք տալ ոստիկաններին՝ որակելով տեղի ունեցածը որպես «ֆաշիզմ», «37 թիվ», ասելով, որ դա «էրեխու աչքի առաջ անելու բան չէր»:

Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հարցին ի պատասխան նշել է, որ դեռ տեղյակ չեն՝ ուր են տարել Խուդոյանին, ու խնդրել է կես ժամից զանգահարել: Քիչ անց մեզ հաջողվեց կապ հաստատել Աշոտ Խուդոյանի հետ, ով ասաց, որ իրեն տարել են Էջմիածնի հիվանդանոց: