Home / Հայաստան / Գյումրին կարող է փակ ռեժիմով քաղաք դառնալ. թերթ

Գյումրին կարող է փակ ռեժիմով քաղաք դառնալ. թերթ

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այսինքն, մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։ Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ և պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսևորում», – նշում է թերթը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ես մեկնաբանելու իրավունք չունեմ»։

Հովհաննիսյանը նաև ընդգծել է, թե առաջին անգամ է նման բան լսում։

Թերթը, այնուամենայնիվ, նշում է, որ Գյումրիի՝ խորհրդային ժամանակներին հատուկ «փակ բնակավայր» դառնալու հեռանկարը իրական է թվում։ Նման ռեժիմով խորհրդային տարիներին ապրում էին Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցող տարածքների բազմաթիվ հայկական գյուղեր, որոտեղ ազատ մուտք ու ելքի իրավունք ունեին միայն տվյալ բնակավայրերի բնակիչները, իսկ նրանց այցելել ցանկացողները պետք է անցագրեր պատվիրեին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում