Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից անցկացված հարցումները վկայում են Հայաստանի դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին։ Հարցումները ներկայացված են ՄԻ գրասենյակի ամենամյա զեկույցի «Կոռուպցիոն մեխանիզմներ» բաժնում, որտեղ խոսվում է կոռուպցիոն մեխանիզմների, շրջանառվող գումարի չափերի և տրման ձևերի մասին։ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցը ներկայացրել է այսօր։
«Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար։ Յուրաքանչյուր հաջորդ ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ։ Մյուս դեպքում դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր «վճիռը» պահելու համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում։ Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև», -ասված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ դատական կաշառքի սակագները որոշվում են հայցագնի 10 տոկոսից ելնելով։
«Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում՝ առաջին ատյանում՝ 500-ից 10 հազար դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2-15 հազար դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10 հազարից մինչև 50 հազար ԱՄՆ դոլար», – ներկայացված է հաշվետվությունում։
Այնուհանդերձ, հարցվածների մեծ մասի պնդմամբ՝ կաշառքի գումարի չափը որոշելու համար չկան միասնական չափանիշներ և յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատական մոտեցմամբ։
«Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ ու այդ դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում ու հրահանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից։
«Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը, այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ և իր խնդիրը «կարգավորում է» միայն Վճռաբեկ դատարանում։ Որոշ դեպքերում Վճռաբեկի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանակն գրասենյակները ոորոնց մնիջոցով իրականացվում են համապատասխան գործարքները», – նշված է օմբուդմսենի զեկույցում։
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ասուլիսին լրագրողներին բաժանել է զեկույցի տպագիր տարբերակը։ Զեկույցի յուրաքանչյուր գլխում Անդրեասյանը տարբեր իրավական ակտերից, օրենքներից, միջազգային փաստաթղթերից, ինչպես նաև Աստվածաշնչից հատվածներ է ներկայացրել։