Home / Հայաստան / Ադրբեջանը պատրաստ է զիջել «Հայաստանի պարտքի» մի մասը

Ադրբեջանը պատրաստ է զիջել «Հայաստանի պարտքի» մի մասը

Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի կրած նյութական վնասը կազմում է 300 միլիարդ դոլար։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Հասանովի խոսքով՝ նախկինում վնասի չափը գնահատվում էր 60 միլիարդ դոլար, բայց այդ թիվը 5 անգամ աճել է՝ «վերջին միջազգային հաշվարկներից» հետո։

«Այն ժամանակ մենք անգամ չգիտեինք, թե ինչպես էր միջազգային պրակտիկայի համաձայն հաշվարկվում այդ վնասը։ Վերջին 5-6 տարիներին՝ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, դիմում է ուղղվել Գնահատողների միջազգային ասոցիացիա։ Արդեն երկու տարի է՝ մենք աշխատում ենք այդ կառույցի հետ։ Միջազգային իրավունքն Ադրբեջանին թույլ է տալիս յուրաքանչյուր պահի Հայաստանից վնասի փոխհատուցում պահանջել»,- ասել է Հասանովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը կարող է խուսափել փոխհատուցումն ամբողջությամբ վճարելուց, «եթե ընտրի ճիշտ ուղին». «Իսկ ահա եթե նրանք ընտրեն սխալ ուղին, բնականաբար, Ադրբեջանը վնասի ամբողջական փոխհատուցում կպահանջի»։