Երևանը բոլոր առումներով վերածվում է խոշոր քաղաքի, մեգապոլիսի։ Նման պնդում կա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսությունում, որի հրապարակային պաշտպանությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, ժամը 14։00-ին Տնտեսագիտական համալսարանում։
«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում Մարգարյանի «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության սեղմագրից մի քանի հատված է ներկայացրել, ինչպես նաև մեջբերել ատենախոսության եզրահանգումներից մի քանիսը՝ «Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար շարունակել համալրել ավտոբուսային հավաքակազմը քաղաքային նշանակության ավտոբուսներով և դրան զուգահեռ նվազեցնել միկրոավտոբուսների թիվը», «Նորոգել ջրամատակարարման և ջրահեռացման մշակված ցանցերը և կառուցել նորերը։ Նվազեցնել էլեկտրաէներգիայի և ջրառի ծախսը, կրճատել կորուստները ջրատար համակարգում և բաշխիչ ցանցերում», «Հստակեցնել Երևան քաղաքի առաքելությունը, առաքելությունն ու նպատակները փոխկապակցել միմյանց հետ, ստեղծել վերջնական արդյունքների ճշգրիտ գնահատման համակարգ» և այլն։
«Նման «բարդ» եզրահանգումների եկած մարդուն ոչ թե գիտությունների թեկնածուի, այլ, թերևս, միանգամից ակադեմիկոսի կոչում պետք է շնորհել», – իր հերթին, եզրակացնում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում