Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար:
Աշակերտները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա:
Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց է անցկացնում 2012 թվականի հունիսից: Նա այդ ընթացքում նաև հացադուլ է սկսել, որը դադարեցրել է 21-րդ օրը՝ ակտիվիստների խնդրանքով:
Խնդիրը վերաբերում է անշարժ գույքի մասին վեճին: Էմմա Սահակյանը պնդում է, որ չորս տարի առաջ քրոջ դուստրն իրեն զրկել է բնակարանից, որտեղ ինքը գրանցված է եղել, և որը իր մյուս քրոջ կողմից կտակ է թողնվել իրեն: Երեք տարի կինը դիմել է դատարաններ, սակայն վեճը չի շահել, քանի որ քրոջ դուստրը, Սահակյանի խոսքով, կեղծ փաստաթղթեր ուներ:
Երբ Սահակյանը նոր էր սկսել նստացույցը, Epress.am-ը զրուցել էր նաև նրա քրոջ դստեր Սուսաննա Մարգարյանի հետ, ով ասել էր, թե իր մորաքույրը զրպարտում է իրեն:
«Մորաքույրս իր կտակը 2006թ. փոխել է և տունը թողել իմ որդուն, բացի կտակից, նա նաև նվիրատվություն է արել: Տան սեփականատերը՝ մորաքույրս, հանել էր Էմմայի գրանցումը իր տնից: Նա զրպարտում է ինձ, իսկ մամուլը գրում է՝ առանց իմանալու, թե ում մասին է խոսքը»,- նշել էր Սուսաննա Մարգարյանը: Նա նաև ասել էր, որ Սահակյանն ունի երկու երեխա, որոնք «պետք է մորն օգնեն»: